ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովը, Ռուզաննա Մուրադյանը, Շիրակ Թորոսյանը, Հեղինե Բիշարյանը ելույթով հանդես եկան եւ իրենց առաջարկներն արեցին, թե որ հաղորդումից առաջ ինչ տեսաֆիլմ ցուցադրեն, որ ֆիլմերն ավելացնեն, որ հաղորդումները կրճատեն եւ այլն:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը զարմացել էր, որ պատգամավորներն այդքան ուշիուշով հետեւում են Հանրային հեռուստատեսությանը եւ անգիր գիտեն բոլոր հաղորդումները, ծրագրերը, թե որ ժամին ինչ է ցուցադրվում:
«Ինչպես հասկացա՝ այս լսարանը համակ ուշադրությամբ հետեւում է ձեր հաղորդումներին եւ նույնիսկ ահագին հաղորդումների անուններն իմացա: Ինձ համար պարզ դարձավ, թե ուր են մեր մեծամասնության ներկայացուցիչները գնում, երբ անմիջապես քվեարկությունից հետո գնում եւ լքում են դահլիճը, հավանաբար Հանրային հեռուստատեսության հաղորդումները նայելու համար»:
Նա ասաց, որ հեռուստատեսություն հազարից մեկ է նայում, այն էլ՝ հիմնականում լրատվական բլոկը եւ քաղաքական մասը: Ինչ վերաբերում է գործընկերների այս կամ այն առաջարկությանը, որ ցուցադրեք «Նամուս» ֆիլմը, ռազմահայրենասիրական հաղորդումներ, Մոնթեի ու Նժդեհի մասին սյուժե եւ այլն՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Չեմ կարծում, որ սա պատվերով եթեր է, հազար մարդ՝ հազար կարծիք: Ես չեմ հորդորի ձեզ որեւէ բան ցուցադրեք: Ես չեմ տարբերակում, թե ինչ տարբերություն կա 2012-ին ցուցադրված սերիալների ու հիմիկվա հաղորդումների միջեւ, նրանց գեղագիտական տարբերությունները, որովհետեւ ոչ այն եմ նայում, ոչ այն: Ուղղակի այս բոլոր հորդորների մեջ գտեք ձեր ճաշակին համահունչ մի բան եւ փորձեք ապահովել ընդհանրական հանրային շահը՝ ձեր եթերում»,- ասաց պատգամավորը Ռուբեն Ջաղինյանին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ