Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական նիստը, անցնում է թեժ՝ կապված դատարան ներկայացած ոստիկանության մայոր, փորձագետ Արտակ Մինասյանի հարցաքննությամբ: Ոստիկանության մայորը դատարան է հրավիրվել «Բանդայի գործով» «պարագլուխ» Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ. նա մասնակցել է մատնադրոշմային փորձաքննությանը: Այդ մատնահետքերը վերցվել են տարբեր զենքերից, սկավառակից, դռան վրայից եւ, ինչպես փորձագետն ասաց՝ նույնականացման համար պիտանի են ճանաչվել դրանցից 3-ը:
Պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքով է անցկացվել փորձաքննությունը, ինչ վիճակում են իրենց ներկայացվել իրեղեն ապացույցները, արդյոք այդ մատնահետքերը վերցվել են դեպքի վայրում հայտնաբերված զենքից, զինամթերքից: Փորձագետ Արտակ Մինասյանը պատասխանեց, որ ապացույցները ստացվել են փաթեթավորված, կնքված, մինչդեռ պաշտպանական կողմը հրապարակեց թիվ 1928 եզրակացությունը, համաձայն որի՝ ապացույցները ստացվել են արկղով, առանց փաթեթավորման եւ կնքման: Հենց այստեղ էլ սկսվեց վեճ՝ պաշտպան Հովիկ Արսենյանի եւ փորձագետի միջեւ: Փորձագետը մինչ այդ նաեւ հայտնել էր, որ միկրոմասնիկներ հայտնաբերելու նպատակով այդ ապացույցները տրվել են նաեւ դատաքիմիական փորձազննություն անցկացնող մասնագետին, ապա տեղում հանձնվել իրեն, ինքն էլ իրեն անհրաժեշտ հետքերը վերցնելուց 1 ժամ հետո այն հանձնել է ձգաբանին: Փորձագետն ասաց, որ ձգաբանի եզրակացությունն է, ինքը չի հիշում եւ սկսեց վարկածներ առաջ քաշել, որ հնարավոր է ծրարը փոքր է եղել, դրա համար ապացույցները տեղադրվել են արկղում, մինչդեռ, ըստ պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի՝ քննիչը դեպքի վայրում պիտի հայտնաբերեր եւ ոչ թե դրանից հետո եւ որ հստակ չի հիմնավորվում, թե այդ մատնահետքերը որ զենքերից են վերցված: Տեղի տվեց նաեւ Հովիկ Արսենյանի նյարդերը, ով ասաց. «Ցավ եմ ապրում, որ իմ մատնահետքերը զենքի վրա չեն եղել»: Հովիկ Արսենյանը կասկածի տակ առավ այն հանգամանքը, որ իրեղեն ապացույցներն առանց զննելու ուղարկվել են փորձաքննության եւ պարզ չէ, թե ով է լիազորել, որպեսզի մատնահետքեր հայտնաբերվեր, նույնականացվեր, ասելով՝ թե սրանն է կամ նրանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ