Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան խնդիրներ ունեցողներին ծաղրում են, նրանցից վախենում

Հոկտեմբեր 01,2014 15:59

Մտավոր հետամնացությունը, շիզոֆրենիան, մեր երկրում հոգեկան խնդիրներից ամենատարածվածն են: Այսօր «Հայացք» ակումբում այսպիսի տվյալներ ներկայացրեց հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Հոկտեմբեր ամիսը հայտարարվել է հոգեկան առողջության ամիս, որով ոլորտի պատասխանատուները հասարակության ուշադրությունն են հրավիրելու հոգեկան առողջության խնդիրներին: Այս տարի հոգեկան առողջության օրը նվիրված է շիզոֆրենիային: Մեր երկրում 10 հազարից ավել շիզոֆրենիայով հիվանդ կա:

Ըստ պարոն Թորոսյանի, Հայաստանում, ընդհանուր առմամբ, այսօր 46 հազարից ավելի հոգեկան խնդիր ունեցող մարդ կա գրանցված, որից 1200-ը հոգեբուժարանի պայմաններում է ապրում: Նրանց գրեթե կեսը հաշմանդամություն ունեն:
Հանրապետության գլխավոր հոգեբույժը կոչ է անում հանդուրժող լինեն հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, չծաղրել ու չվախենալ, քանի որ նրանք էլ հասարակության անդամ են: Ըստ նրա, հոգեկան հիվանդությունը բուժելի է եւ խարան է, երբ ասում են, թե այդ հիվանդությունը չի բուժվում. «Մեր հիվանդների նկատմամբ լինում է ծաղր ու ծանակ, վախենում են նրանցից եւ այլն, բայց ամեն 4-րդ մարդն այսօր կարող է ունենալ հոգեկան խնդիրներ, մենք պետք է լինենք բարյացակամ նրանց նկատմամբ, որպեսզի այդ մարդիկ իրենց չզգան մեկուսացված»:

Aravot.am-ի այն հարցին, թե չե՞ք կարծում, որ խորհրդային տարիներից պահպանված ճաղավանդակներով, կապկպված թեւերով հիվանդներն ու բնակավայրերից մեկուսացված հոգեբուժարաններն են պատճառը, որ մեր քաղաքացիների միջից խարանն ու խտրականությունը չի վերանում, հոգեբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ասաց. «Եթե որեւէ մեկը կասի որ այսօր հոգեբուժարանների վիճակը շատ լավ է, նա նվազագույնը ճիշտ չի ասի: Բայց այնպես չէ, որ հոգեբուժարանները միայն Սովետական միությունում են եղել, ամբողջ աշխարհում էլ կան: Այս վիճակը որը կա, կառավարությանն էլ չի բավարարում, դրա համար կառավարությունը միջոցառումների ծրագիր է կազմել եւ դրանց իրականացման արդյունքում մենք կունենանք բավականին փոփոխված հոգեկան առողջության ծառայություններ»:

Սամվել Թորոսյանի ներկայացմամբ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար, կառավարության որոշմամբ, պետք է ստեղծվեն խնամքի տներ, որտեղ հիվանդների նկատմամբ մոտեցումը միանգամայն ուրիշ կլինի:

Պարոն Թորոսյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Ըստ մասնագետների, հոգեկան հիվանդությունների հիմնական խանգարումների պատճառը արտաքին ազդակներն են, սոցիալական խնդիրները:

Սամվել Թորոսյանի խոսքերով, այսօր մեր երկրում հոգեբույժի պակաս կա, քանի որ ոչ ոք չի ցանկանում հոգեբույժ դառնալ. «Դժվարագույն մասնագիտություն է, բայց ցածր են վարձատրվում, երիտասարդները չեն ուզում իրենց վրա այդպիսի բեռ վերցնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031