Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրիում բողոքի ակցիան թեժանում է. առևտրականները ժամ դրեցին կառավարության վրա (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 15:35

Այսօր վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայում շարունակվեց առևտրականների բողոքի ակցիան: Վերջիններս դարձյալ փակել էին փողոցը` պահանջելով վերանայել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորներից նրանց այցելեց միայն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Առևտրականներն այսօր պահանջում էին հանդիպում Շիրակի մարզի հարկայինի պետի հետ: «Հարկայինի պետ, չես գա հա ՞,  ամեն օր փողոցը կփակենք, դե կտեսնես…», – բացականչում էին նրանք:

Gyumri_Ar_03 Gyumri_Ar_02 Gyumri_Ar_01 Gyumri_Ar_05

Պատգամավորը հեռախոսազանգերի միջոցով փորձում էր կապ հաստատել թե ԱԺ խմբակցությունների հետ, թե հարկայինի պետի և թե մարզպետի հետ: «Ես հենց նոր զանգեցի` ասելով, որ ապահովեն հարկայինի պետի հանդիպումը ձեզ հետ: Փոխանցել եմ, որ դուք հարկային չեք գնալու, չեմ գնալու նաև ես: Որևէ պետական կառույց տրամադրեն`կլինի մարզպետարան կամ քաղաքապետարան, գնանք, հանդիպենք հարկայինի պետի հետ, որպեսզի դուք ձեր հարցերը բարձրացնենք: Ես ոչ էլ ուզում ձեզ հրավիրեմ իմ գրասենյակ, որովհետև իմ գրասենյակը կուսակցական է, իսկ այս հարցը կուսակցական հարց չէ: Հաշվի եմ առնում հարցին քաղաքական աստառ կամ ենթատեքստ չտալը», -ասաց պատգամավորը:Եվ մինչ Մարտուն Գրիգորյանը սպասում էր զանգի, հավաքվածները հետաքրքրվեցին. « Գրիգորյան ջան, էդ ինչո՞ւ ես մենակ դու եկել»: Պատգամավորը ծիծաղելով պատասխանեց. «Որովհետև դուք ինձ եք ընտրել»:

Ժողովուրդը հակադարձեց. «Բա Սուքիասն ո՞ւր է, բա՞ Հովհաննես Մարգարյանը, որը ամեն անգամ ելույթներ է ունենում, Արման Սահակյանն էլ ստեղի պատգամավոր է չէ՞, մեր մարզից ընտրված…»:

Մարտուն Գրիգորյանը հորդորում էր սպասել մինչև ժամը 18.30, ըստ պատգամավորի, քառյակը արտահերթ նիստ է գումարելու, բացի այդ այսօր կա հարց ու պատասխան կառավարության հետ: Նա առաջարկում էր սպասել մինչ իր նախանշած ժամը, տեսնել ինչ կլինի, նոր միայն անելիքը որոշել:

Զրույցի ընթացքում հեռախոսազանգ եկավ Մարտուն Գրիգորյանին: Նրան փոխանցեցին, որ հարկայինի պետը ֆինանսների նախարարությունում է:Պարզվեց զանգահարողը Ֆելիքս Ցոլակյանն էր, որին հարկայինից հավաստիացրել էին, թե ոչ մի վաճառողի համար այս օրերին ոչ մի խնդիր չեն առաջացնի: Եվ մինչ ԲՀԿ-ական պատգամավորը փոխանցում էր, թե հարկայինի պետը նախարարի ընդունարանում կամ կաբինետում է, առևտրականները ծաղրում էին. «Հլը եկեք գնանք հարկային, տեսնենք հարկայինում չէ՞»: Մյուսն էլ նետեց. «Հմի քարտուղարուհուն առած, գնացած կլինի»: Առեւտրականներից մեկն էլ սկսեց այլ հումոր անել. «Առաջ մկներն էին վախենում կատվից, հիմա կատուներն են վախենում մկներից»:

Վերջիններս հայտարարեցին, որ այսօր մինչև ժամը 18.30-ը պատասխան չստանալու դեպքում կփակեն Գյումրի-Երևան մայրուղին:Այստեղ միջամտեց Գյումրու ոստիկանության «Կումայրի»-ի բաժնի պետը` ասելով, որ դուք օրենքի դեմ պայքարում եք, ինքներդ օրենք խախտելով: «Լսի հարազատ, քո հացը էսօր վաստակում ես էստեղ գալով, մենք էլ շուկայում կանգնելով, եթե քո հացի փողը կտրեն, էդպես կխոսե՞ս»:
Առևտրականները նախազգուշացրեցին, որ եթե այս հարցը մինչև ժամը 18.30 լուծում չստանա, իրենք կդիմեն բողոքի առավել կոպիտ մեթոդների, կփակեն ճանապարհները և դա կկրի շարունակական բնույթ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031