2014 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով դատարանի՝ 2014 թ. մարտի 25-ի որոշմամբ նշանակվել էր կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի պատճառով դատական նիստն անորոշ ժամկետով հետաձգվել էր:
Սույն դատական նիստի ընթացքում գործով մեղադրող Ա. Եղիազարյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել հիշյալ փորձագիտական եզրակացության հանձնաժողովում ընդգրկված մի քանի փորձագետների, քանի որ եզրակացությունը պարունակում է որոշակի բացեր, որոնք հնարավոր է պարզաբանել հարցաքննության միջոցով:
Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ, այնուամենայնիվ դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը և որոշեց դատարան հրավիրել մասնագիտությամբ վիրաբույժ և իմունոլոգ չորս փորձագետի՝ գործի օբյեկտիվ քննության ապահովման համար:
Մասնավորապես, նախագահող դատավոր Վ. Գրիգորյանը նշեց, որ փորձագիտական եզրակացության մեջ ներկայացված և գործով նախաքննության ու դատաքննության ընթացքում ապացուցված փաստերի միջև առկա հակասություններն առաջացնում են փորձագետներին հարցաքննելու անհրաժեշտություն:
Կարդացեք նաև
Այդպիսով, սույն գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին, որի ընթացքում կհարցաքննվեն կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում ընդգրկված փորձագետները: