Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կրկնեց այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն արել էր Մարտի 1-ի նախօրյակին». Արթուր Սաքունց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 15:27

«Եղել է նման նախադեպ: 2008-ի մարտի 1-ից առաջ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա այցելությունից հետո վերադարձավ և փետրվարի 26-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, դեռ մինչ քրեական գործերի հարուցումը, ինքը ուղղակի հայտարարեց, թե շատ շատերը երկար ժամանակով նստելու են բանտերում», -Aravot.am-ի հարցին` եղե՞լ է նման նախադեպ, երբ երկրի նախագահը կարևորագույն որոշումների հարցում միջամտի, ինչպես, օրինակ, նա արեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործի պարագայում, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նաև շեշտեց, թե իշխանություն բառն օգտագործելն էլ այլևս ճիշտ չէ ու պատճառաբանեց. «Պետք է ամրագրենք, որ որքան էլ ցանկալի է օգտագործել իշխանություն բառը, պետք է հրաժարվել դրանից: Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում այլևս հայտարարեց, որ գոյություն ունի ռեժիմ: Իսկ ռեժիմն այն է, որտեղ իշխանություն` որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ դատական, օրենսդիր, գործադիր, բոլորը հանդիսանում են մեկ ռեժիմի բաղկացուցիչ մասերը կամ գրասենյակները»:

Shant_Dat_02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին հայտարարություն անել Սերժ Սարգսյանի` Շանթ Հարությունյանի մասին հնչեցրածին ի պատասխան:

Aravot.am-ը նիստից հետո հետաքրքրվեց, ի՞նչ էր ցանկանում հնչեցնել դատարանի դահլիճում: Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց. «Իմ հայտարարությունը վերաբերում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն պատասխանին, որ Շանթ Հարությունյանի մասով իրեն հարց ուղղվեց և Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ հանցագործություն է կատարել և պետք է պատժվի: Ուզում էի ասել այն, որ սույն դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեց մեր պաշտպանյալների ` Շանթի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու հարցը և մենք հույս ունեինք, որ ամեն դեպքում արդարադատություն պիտի իրականացվի: Մինչդեռ այս վճռական պահին, արդեն, երբ պաշտպանական ճառերի ժամանակահատվածն էր և վիճաբանությունների փուլում էինք գտնվում, ՀՀ նախագահը կանխորոշեց գործի ելքը և կայացրեց մեղադրական դատավճիռ: Ակնհայտ է` ՀՀ նախագահն արդեն ցուցում տվեց և ըստ էության արդեն ամեն ինչ պարզ է: Անձանց անմեղության կանխավարկածը խախտվեց. սա արդեն պարզ է և դատարանի համար էլ ուղղորդում էր, թե ինչպիսի դատական ակտ պիտի կայացվի»:

Նշենք, որ «Շանթ Հարությունյանի և ընկերների» դատական գործից հետո, երբ ամբաստանյալներին դուրս էին բերում դատարանից և տանում քրեակատարողական հիմնարկ, «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» վերնագրով բողոքի ակցիայի մասնակիցները նրան ճանապարհեցին «հերոսներ», «ազատություն» կոչերով:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ says:

    Հայաստանում անգամ էն ամենափոքր հարցերն են լուծվում (եթե դա կարելի ա լուծել համարել) Նախագահի միջամտությամբ ու ցանկությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031