Լրահոս
Օրվա լրահոսը

2050-ին մեր բնակչության 23%-ը կլինի 65 տարեկանից բարձր

Հոկտեմբեր 01,2014 14:55

Այսօր Հայաստանի բնակչության 13%-ը 60 տարեկանից բարձր են. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց, այս թվերով մենք մոտենում ենք ծերացող ազգերի ցուցանիշին: Պարոն Հայրապետյանի խոսքերով` աշխարհի բնակչության 12%-ը 60 տարեկանից բարձր է, իսկ 2030 թվականին աշխարհում 60 տարեկաններից բարձր անձանց քանակն ավելի շատ է լինելու, քան 10 տարեկաններինը: Պարոն Հայրապետյանի խոսքերով` 2050 թվականին աշխարհի բնակչության 20%-ը կազմելու են տարեց մարդիկ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաշվարկներով, 2050 թվականին ազգաբնակչության 23%-ը տոկոսը լինելու է 65 տարեկանից բարձր, իսկ 60 տարեկանների քանակն ավելի շատ կլինի:
Գարիկ Հայրապետյանի ներկայացմամբ` եթե որոշակի քաղաքականություն վարվի, ապա 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվը 2050-ին կկազմի 22% տոկոս, ըստ էության տարբերություն չկա, իսկ հոռետեսական հաշվարկներով` 24% կլինի, լավատեսականով` 20%:

Ասուլիսի մեկ այլ մասնակից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն ասաց, որ կառավարությունը տարեցների կյանքի որակի բարելավումն առաջնահերթություն է համարում: Տիկին Գեւորգյանի փոխանցմամբ` մեր երկրում այսօր գործում են տարեցների 8 խնամքի կենտրոններ`ծերանոցներ, տուն-ինտերնատներում բնակվում են 1250 տարեց մարդիկ: Կառավարությունն այս ծառայությունների համար տարեկան հատկացնում է, ըստ տիկին Գեւորգյանի, ավելի քան 2.5 միլիարդ դրամ, կան տնային սպասարկման 1 պետական եւ 1 մասնավոր կառույցներ, որոնք միասին տներում սպասարկում են 4000 միայնակ ծերերի:

Տիկին Գեւորգյանն ասաց, որ նոր հայեցակարգով տարեցների խնամքի նոր մոդելներ են մշակում, ասենք շուրջօրյա խնամող դայակների առկայություն, տարեցների ակումբներ` տարբեր ուղղվածությամբ`սպորտային, վերականգնողական, զբոսաշրջային եւ այլն: Խնամքի կենտրոններում էլ նախատեսվում է 1 սենյակ 1 տարեցի համար, ընդ որում, իր ուղեկցողը կունենա տարեցը. «Այսօր գուցե երազանք է թվում այս ամենը, բայց մենք հայեցակարգով նախատեսել ենք, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում կունենանք տարեցների խնամքի նոր մոդելները»:

Գարիկ Հայրապետյանն էլ նկատեց, որ, անհրաժեշտ է այդ միջոցներն ուղղել ոչ միայն նշված ծառայություններին,այլեւ տարեցների ինտեգրմանը: Այսինքն, ըստ պարոն Հայրապետյանի, մարդիկ երկար ու առողջ ապրելով, ուզում են ներգրավված լինեն հասարակական, տնտեսական գործընթացներում. «Այսօր 3 աշխատող հոգ է տանում 1 չաշխատողի համար, իսկ 2050 թվականին 1.5 աշխատողն է 1 չաշխատողի համար հոգ տանելու: Սա հոգս է թե պետության եւ թե աշխատողների համար: Այս իմաստով տարեցներին ինտեգրելը հասարակական, տնտեսական եւ այլ ոլորտներում, խիստ անհրաժեշտ է»:

Նշենք, որ այսօր տարեցների միջազգային օրն է, աշխարհում այն նշվում է արդեն 24-րդ անգամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031