Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորն առաջարկում է Հ1-ով շուտ-շուտ «Նամուս» ֆիլմը ցույց տալ, որ աննամուսները պակասեն

Հոկտեմբեր 01,2014 14:43

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը շարունակում է ներկայացնել 2013-ի տարեկան հաշվետվությունը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ռուբեն Ջաղինյանին առաջարկ արեց. «Բարոյախրատական ֆիլմեր շատ ցուցադրեք՝ «Նամուս», «Պատվի համար»:

Ջաղինյանն ասաց, որ «Մի կաթիլ մեղրն» էլ կարելի է շատ ցույց տալ: Հովհաննես Մարգարյանի դիտարկմամբ՝ «Նամուսը եթե ցույց տան՝ աննամուսների թիվը կկրճատվի: Խնդրում եմ, առիթ ստեղծեք Հանրայինի եթերով պարբերաբար «Նամուսը» ցույց տալու»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցեր ուղղեց Ռուբեն Ջաղինյանին, «Քանի՞ վարկ ունեք վերցրած, ձեր վարկերը ձեր եկամուտների մեջ չեն երեւում, ինչո՞ւ եկամուտների աղյուսակում նշված չեն: Կառավարությունը փակել է միայն վարկի տոկո՞սը, թե՞ միայն վարկը: Միջոցների զգալի մասը մարվել է կառավարության միջոցների հաշվին: Ինչո՞ւ եք վարկի դիմում, եթե ձեր տարեկան ծախսերն ու մուտքերը ադեկվատ են, հավասար են: 3.6 մլրդ ձեր եկամուտներն են, 3.6 մլրդ ձեր ծախսերն են, ի՞նչ կարիք կար մտնել 2 մլն վարկի տակ, հետո էլ կառավարությունն իր պահուստային ֆոնդից մուծեր: Կառավարության ֆոնդը հրատապ, արտառոց պատահարների, դեպքերի համար է»:

Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերության տարածքում կան շենք-շինություններ, որոնք ոչ թե վթարային վիճակում էին, այլ քանդվում էին. «Առաջին շենքը, որ քանդվում էր՝ Հանրայինի Երեւան ստուդիան էր, որը պատմական է: Այն ուղղակի քանդվում էր: Այդ պահուստային ֆոնդից հնարավորություն ստեղծվեց 117 մլն դրամ շենքերի կապիտալ նորոգման համար տալ»: Մնացած թվերը Ռուբեն Ջաղինյանը նախընտրեց պատասխանել գրավոր:

Արամ Մանուկյանը պնդեց, որ հեշտ հարց է տալիս՝ ձեր ծախսերն ու եկամուտները հավասար են, բայց դուք լրացուցիչ մտել եք 850 մլն դրամ վարկի տակ՝ չունենալով դա հետ վերադարձնելու ոչ մի միջոց, այսինքն, դուք ռիսկի եք գնացել ու վարկի տակ եք մտել: Հետո վարկը չփակելով՝ կառավարությանն եք դիմել, կառավարությունը մուծել է: Դուք նախապես հաշվարկն այդպե՞ս էիք արել, որ վարկի տակ եք մտել: Ձեր բիզնես պլանը ո՞նց եք նախատեսել, եթե չունեիք միջոցներ մուծելու: Հետո արտաքին պարտքը մեծացրել եք 2 մլն դոլարով:

Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ հեռուստատեսությունում ուզում էին փոփոխություններ կատարել, որոնք բյուջեով նախատեսված չեն եղել. «Փոփոխությունները կապված են տեխնիկական հարցերով եւ հեռուստատեսությունում շենք-շինությունների կապիտալ հիմնանորոգմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031