Այսօր Երեւանում մեկնարկեց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի եւ Եվրամիության կողմից կազմակերպված առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանսը, որը, ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մոնղոլիայի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Թեյլորը, նպատակ ունի բարելավելու փոքր եւ միջին ձեռնարկությունների իրազեկությունը եւ Հայաստանում առեւտրի գործիքների հասանելիությունը։
Նա խոսքով՝ ցանկացած տնտեսության հետագա զարգացման համար առեւտուրը շատ կարեւոր նշանակություն ունի եւ դրանում մեծ դերակատարում ունեն բանկերը. «Համաժողովը պետք է նպաստի նրան, որ բիզնեսի եւ բանկերի միջեւ նոր գործնական կապեր ձեւավորվեն։ Կարծում եմ, որ Հայաստանը բավարար ներուժ ունի։ Նոր գործիքներ պետք է մշակվեն՝ ՓՄՁ-ների աշխատանքը խթանելու համար»։ Մայք Թեյլորը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը փոխելու Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի հարաբերությունները, պատասխանեց, որ, այնուամենայնիվ, շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ. «Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, քանի որ այդ զարգացումները մեզ համար էլ են հետաքրքիր։ Անկախ ամեն ինչից՝ մենք մնում ենք հավատարիմ մեր գործընկերներին Հայաստանում, հատկապես մեր վստահությանը արժանացած բանկերին»։
Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում առեւտրի ֆինանսավորման մասով դրական ցուցանիշներ են գրանցվել. «Բանկային ակտիվների մոտ 18 տոկոսը, որը կազմում է մոտ 380 միլիարդ դրամ, առեւտրի արտահանման եւ ներմուծմանն են ուղղված»։ Պրն Երիցյանը, մեկնաբանելով այն փաստը, որ բանկերի հաճախորդները եւ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են բանկերի տոկոսադրույքներից, ասաց, որ բոլորն են ցանկանում, որ տոկոսադրույքները ցածր լինեն եւ դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվում բանկերի կողմից իրենց պարտավորությունների գները նվազեցնելու ուղղությամբ. «Վերջին մի քանի տարիներին վարկավորման տոկոսադրույքները գնալով նվազում են՝ հատկապես բիզնեսի համար։ Երբ պատրաստ լինենք մեր խնայողությունները ցածր տոկոսադրույքով բանկերում ներդնել, այդ ժամանակ էլ բանկերը կկարողանան ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրել»։
Պրն Երիցյանին նաեւ հարց հղեցինք վերջերս ՓՄՁ ներկայացուցիչների կողմից «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վերաբերյալ, որը նա չցանկացավ մեկնաբանել:
Կարդացեք նաև
ՎԶԵԲ-ի առեւտրի խթանման ծրագրի վերլուծաբան Մարիա Մոգիլնայան էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի հետ գործարք կատարող երկրների ցանկում երրորդ տեղում է՝ Ռուսաստանից եւ Բելառուսից հետո. «Հայկական 21 բանկերից ինը մասնակցում են մեր այս ծրագրին։ Այս Տարվա ինն ամիսների արդյունքում առեւտրի ֆինանսավորման շրջանառությունը կազմել է 32 միլիոն եվրո։ 1999 թվականից սկսած՝ մենք Հայաստանում հազարից ավելի գործարքներ ենք իրականացրել»։
Նշենք, որ հայկական բանկերից կոնֆերանսին աջակցում են «ՀայԷկոնոմբանկը», «Ամերիաբանկը», «Արարատբանկը» եւ «Ինեկոբանկը»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ