Aravot.am-ը Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանից, որն այսօր «Տեսակետ» ակումբում ներկայացնում էր «Պան Արմենիան Էքսպո» 2014 ցուցահանդեսի նպատակը, հետաքրքրվեց, թե նման ցուցահանդեսներից հետո քանի ներդրող է մեր երկրում բիզնես ծավալելու ցանկություն հայտնում:
Ի պատասխան, պարոն Հարությունյանն ասաց, որ այսպիսի ցուցահանդեսներն ավելի շատ միտված են հայրենական արտադրանքը դրսում ճանաչելի դարձնելուն եւ արտահանման խթանմանը:
Այս տարի «Պան Արմենիան Էքսպո» 2014 ցուցահանդեսի օրերը՝ հոկտեմբերի 9-12-ը, համընկնում են Էրեբունի-Երեւանի 2796 ամյակին նվիրված տոնակատարությունների հետ, այդ պատճառով, ցուցահանդեսը նվիրված է մայրաքաղաքի տոնին:
Ինչպես «Պրոմ Էքսպո»-ի տնօրեն Արման Զաքարյանն ասաց, ցուցահանդեսին մասնակցելու են 110–ից ավելի կազմակերպություն: Այս տարի երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է, ներկա կլինեն նաեւ արտադրողներ՝ Իրանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Վրաստանից եւ այլն:
Կարդացեք նաև
«Պան Արմենիան Էքսպո» 2014-ին մասնակցելու են հրավիրված աշխարհի բոլոր գործարար հայերը:
Ռոբերտ Հարությունյանի համոզմամբ, այսպիսի ցուցահանդեսները նաեւ տուրիզմի խթան են:
Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչը ՀՀ-ում Անդրեյ Բաբկոյի տվյալներով, այսօր ռուսական կապիտալով աշխատող մեր երկրում 1300 ընկերություն է աշխատում, որից մի մասի սեփականատերերը հայեր են, բայց քանի որ Ռուսաստանի քաղաքացիներ են նրանք համարվում են ռուսական ընկերություններ:
Նրա խոսքերով, այդ պատճառով էլ տրամաբանական է ցուցահանդեսին ռուսական ընկերությունների մասնակցությունը:
Անդրեյ Բաբկոյի համոզմամբ, եվրոպական ապրանքների Էմբարգոյով պայմանավորված, Հայաստանի համար լավ հնարավորություն է արտահանման ծավալներն ավելացնելու: Ըստ նրա, այս տարի «Սպայկա» ընկերությունը, նախորդ տարվա համեմատությամբ, երեք անգամ ավելացրել է իր արտահանման ծավալները: Անդրեյ Բաբկոյի խոսքերով Հայաստանը կարող է միրգ, բանջարեղեն եւ կաթնամթերք արտահանել:
Ցուցահանդեսին հիմնականում կմասնակցեն սննդարդյունաբերության, ծառայությունների, տեքստիլի, շինարարական ոլորտի ներկայացուցիչները:
«Պրոմ Էքսպո»-ի տնօրեն Վահագն Միրիջանյանի խոսքերով, այսպիսի ցուցահանդեսներին պասիվ է առողջապահության ոլորտը, հատկապես, որ այսօր մեր երկրում տենդենց կա առողջապահական զբոսաշրջությունը զարգացնելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ