Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի մարզային հանրահավաքները, մասնակիցների առումով, համեստ են. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 01,2014 12:24

Եռյակը, զուտ մասնակիցների տեսանկյունից քիչ թե շատ հաջողված հանրահավաք կազմակերպել եւ անցկացրել է Աբովյանում, որտեղ, ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական ազդեցությունը մեծ է: Ուստի հազիվ թե կարելի է անակնկալ կամ անսպասելի համարել, որ Աբովյանում մի քանի հազար մարդ էր ներկա միջոցառմանը:

Բայց, նաեւ Աբովյանի բազմամարդ հանրահավաքի խորապատկերում, է՛լ ավելի է ընդգծվում Հրազդանում, Սիսիանում ու Կապանում տեղի ունեցած հանրահավաքների սակավամարդությունը:

Ի դեպ, նշված 4 «հանրահավաքային» քաղաքներից երկուսի՝ Աբովյանի ու Սիսիանի համայնքապետերը ԲՀԿ-ից են:

Ակնհայտ է, որ եռյակը մինչեւ այժմ միայն մեկ հաջողված հանրահավաք է անցկացրել (մասնակիցների թվի կամ բազմամարդության առումով), այն էլ, եթե կարելի է այդպես ասել, ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին: Գուցե ավելի ճիշտ կլինի «կուսակցական ռեսուրսների հաշվին» արտահայտությունը, բայց, ամեն դեպքում, բոլորին էլ տեսանելի էր, որ Աբովյանի դեպքում մարդկանց «բերել են» հանրահավաքի, այսպես ասած՝ կոլեկտիվներով:

Հետաքրքիր է նաեւ, որ, օրինակ, Սիսիանի պարագայում, քաղաքապետի կուսակցական պատկանելությունը նկատի առնելով, նման տպավորիչ ներկայություն ապահովել չէր ստացվել:

Եռյակի գործիչները նման իրավիճակի համար, իհարկե, ունեն «հերթապահ» պատճառաբանություններ, «մարզպետներն ահաբեկել են», «իշխանությունները վախեցրել են», «մարդկանց սպառնացել են», եւ այլն, եւ այսպես շարունակ, առաջին անգամ չեն ասում, ի վերջո:

Բայց այստեղ իսկապես կան «բայց»-եր: Նույն բուրժուադեմոկրատական «տրոյկայի» ներկայացուցիչները իրենց կրակոտ ելույթներում նկարագրում են մի այնպիսի անտանելի վիճակ, այնպիսի մի մթնոլորտ, որի պայմաններում ցանկացած «վախ» կամ «ահաբեկում» ուղղակի անիմաստ է դառնում: Եվ իսկապես, եթե, ինչպես հավաստիացնում են մերօրյա «հեղափոխականները», վիճակն օրհասական է, մարդիկ ուղղակի եռում են, եւ այլն, եւ այլն, ապա որեւէ տեղական իշխանավորի ու իշխանիկի «ահաբեկում» կամ նման մեկ այլ դրսեւորում չի կարող մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց:

Մյուս կողմից՝ երկրում իսկապես կա որոշակի դժգոհություն, պայմանավորված ինչպես սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ մի շարք այլ գործոններով, որոնք հանրահայտ են: Ամեն օր այդ ամենի մասին ասվում-խոսվում-գրվում է: Բայց «հանելուկն» էլ այն է, որ նման տրամադրությունների պայմաններում եռյակի մարզային հանրահավաքները, մասնակիցների առումով, համեստ են, եթե ուղղակի չասենք՝ սակավամարդ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031