«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ ռեժիմին». այս կոչերն էին հնչում «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց։
Ակցիային մասնակցում էին ազատամարտիկներ, ԱԻՄ, Նախախորհրդարանի անդամներ, քաղաքացիներ:
ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանն իր ելույթում ասաց. «Խախտվել է անմեղության կանխավարկածը, Սահմանադրությունը, քանի որ ըստ Սահմանադրության՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները տարանջատված են և որպես գործադիր իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանը խառնվում է դատական պրոցեսի մեջ»:
Ըստ պարոն Սարուխանյանի՝ միակ ճանապարհը այս ռեժիմից ձերբազատվելն է և այս ռեժիմին մնացել է քիչ օրեր:
Կարդացեք նաև
Ու անդրադառնալով Կոլումբիայի համալսարանում կատարվածին պարոն Սարուխանյանն ասաց. «Երբ մի քաղաքացի այնտեղ Սերժ Սարգսյանին ասաց, թե ռեժիմին քիչ օրեր են մնացել, նա քուչի տղայի նման քաղաքացուն հաթաթա է տալիս, որ իրեն էլ է քիչ մնացել: Այսինքն՝սպառնո՞ւմ ես, քո ձեռքերը հասնում են ամենուր»:
Ազատամարտիկներից Սուսաննան ասաց. «Ես ձեզ չեմ ենթարկվում, ես հեղափոխություն եմ անում և անելու եմ այնքան ժամանակ քանի դեռ այս ռեժիմից չենք ձերբազատվել»:
Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզան Բադալյանը հույս հայտնեց, որ այնուամենայնիվ, Շահենին չեն դատի և ասաց. «Տեսնելով, որ սկսել է Շահենը պայքարել, միգուցե հենց այս պատճառով Շանթին ընկճելու համար որոշեցին Շահենի վրա մեղադրանք բարդել»:
Քիչ անց Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների դատարանում կմեկնարկի Շանթ և ընկերներ գործով հերթական դատական նիստը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ