ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա խորհրդարանում ցանկացած կոալիցիա ձեւական է լինելու, քանի որ առանց այդ էլ ՀՀԿ-ականներն իրենց մեծամասնությունն ապահովել են ու աշխատում են իրենց ցանկացած ձեւով։
– Պարոն Մինասյան, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված ՀՅԴ-ն բանակցությունների է գնալու իշխանությունների հետ։ Խնդրում եմ ասեք՝ արդյոք այդ բանակցությունները սկսվե՞լ են ու կոնկրետ ո՞ր փուլում են գտնվում։
– Դեռ մենք նման պրոցես չենք սկսել։ Մենք սպասում ենք առաջին հերթին հայեցակարգի հրապարակմանը, որտեղ արդեն մեր կողմից բարձրացված հարցերի լուծումները կտեսնենք, որից հետո կարծում եմ՝ կսկսենք բանակցային փուլը։ Եվ եթե կընդունվեն մեր առաջադրած պահանջները, այդ ժամանակ մենք կհայտարարենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի Սահմանադրական բարեփոխումներն իրականություն դառնան։ Իսկ եթե չի իրացվի, բնականաբար մենք այդպիսի փոփոխություններին դեմ կլինենք։
– Բայց իշխանությունները երբեւէ չեն կատարել այն պահանջները, որոնք ներկայացրել են ընդդիմության ներկայացուցիչները։ Ինչո՞ւ է ՀՅԴ-ն կրկին հավատում իշխանությունների բարի կամքին եւ փոխզիջման գնալու պատրաստակամությանը։
Կարդացեք նաև
– Խնդիրը հավատի մեջ չէ, խնդիրը պայքարի մեջ է։ Եթե դու դադարում ես քո գաղափարները առաջ մղել, նշանակում է՝ ընտրում ես երկրորդ տարբերակը՝ արյունահեղությամբ հեղաշրջումը, մենք մերժում ենք այդ մոտեցումը։ Մենք գտնում ենք, որ արյունով իշխանափոխություն անելը մեր երկրին վերջնական կործանման կտանի։ Դրա համար մեր նախընտրելի տարբերակը իշխանությունների հետ, այո, նաեւ բանակցությունների միջոցով, մեր գաղափարների իրացմանը հասնելն է։ Հիմա այս հարցում այս պահին մնացել ենք մենակ, բայց չենք ընկրկել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում