Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի ազգականի զորամասում սպանված զինվորի գործը կոծկո՞ւմ են

Հոկտեմբեր 01,2014 11:46

Արարատի զորամասերից մեկում այս տարի հունիսի 20-ին գլխի հատվածում հրազենային մահացու վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանի (լուսանկարում) մահվան հանգամանքները, մահացածի հարազատների պնդմամբ, դեպքից 4 ամիս անց դեռ չեն ճշտվել:

Մահացած զինվորի քույրը՝ Էլմիրա Խաչատրյանը, Aravot.am-ին պատմեց, որ ինչպես տեղեկացել են քննիչից, դեռ չի հայտնաբերվել ոչ սպանողը, ոչ էլ սպանության համար օգտագործված զենքը:

«Ձերբակալել էին սերժանտ Վարդան Կիրակոսյանին, որը հրացանի վրայից մատնահետքերն է սրբել, վերացրել, դեպքից հետո հանել է նաեւ փամփուշտները: Սերժանտը սպանությունից հետո է եկել դիրքեր, որտեղ տեղի է ունեցել դեպքը, իր իսկ պատմելով կրակոցի ձայները լսել է, բարձրացել է վերեւ ու տեսել է եղբորս ընկած, կողքին էլ՝ հենակետում կանգնած զինծառայող Մարտուն Հարությունյանին: Հարցրել է՝ ինչ է կատարվել, նա ոչինչ չի պատասխանել, դողի մեջ է եղել, սթրեսային վիճակում: Սերժանտը դեպքից անմիջապես հետո իջեցրել է Մարտունի ձեռքերը, լվացել է, տեսքը կարգի է բերել, Մարտունի կոճակն էլ պոկված, ընկած է եղել եղբորս կողքին, երբ քննիչը պոկված կոճակի մասին հարցրել է, Մարտունն ասել է՝ երկու օր առաջ է պոկվել, այն ինչ քննիչը կոճակը վերցրել է եղբորս կողքից: Վարդան Կիրակոսյանի հետ կալանավորվել էր նաեւ հենց Մարտունը, որպես վկա է եղել կամ գուցե սպանությունը հենց ինքն է կատարել, բայց նրան մեկ ամիս առաջ ազատ արձակեցին: Մինչեւ հիմա չեն բացահայտում՝ ինչ է տեղի ունեցել, չեն էլ հարցաքննել հրամանատարին, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ազգականն է, մեր տեղեկություններով նախարարի հորեղբոր որդին՝ Արթուր Օհանյանը: 4 ամիս է հետաքննություն է ընթանում, բայց հստակ չգիտեն՝ սերժա՞նտն է կրակողը, թե՞՝ մեկ ուրիշը: Հայտնի չեն սպանության պատճառները: Դեպքի օրը դիրքերում 12 զինվոր է եղել, նրանցից ոչ մեկի չեն հարցաքննել: Հետաքննությունը ոչինչ չի պարզել: Մտավախություն ունենք, որ գործը փորձում են կոծկել»:

Էլմիրայի պատմելով, եղբոր մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ են եղել. «Պարզվեց,որ կապտուկները առաջացել են դեպքից երկու, երեք օր առաջ: Մինչեւ կրակոցը էլի ծեծի են ենթարկել, որը եղել է հենց նույն օրը, նույն ժամանակ ծեծի են ենթարկել, հետո գլխից երկու անգամ կրակել: Բայց զենքի վրա ոչ ոքի մատնահետք չկա, հիմա նույնիսկ չի պարզվել, թե ինչ զենքով է կրակոցն արձակվել: Հարցնում ենք՝ ինչու չեն պարզել, ասում են՝ նման դեպքերը շատ են ու մատնահետքեր պարզող մասնագետներ Հայաստանում քիչ են, դրա համար էլ ձգձգվում է»:

Գրիշա Խաչատրյանի հարազատները դժգոհ են հատկապես նախարարի հայտարարությունից. «Հենց դեպքի օրը, դեռ տեղեկությունները չճշտված, նախարարը հայտարարեց, թե զենքի անփութության հետեւանքով է մահը վրա հասել: Դե թող ասեր՝ եղբորս անփութությա՞ն հետեւանքով էր, թե՞ ուրիշի: Բայց անփութության հետեւանք չի եղել, այլ դիտավորյալ, մտադրված սպանություն: Պահանջում ենք, որ նախարարը հետեւողական լինի սպանության բացահայտման գործում»:

Էլմիրա Խաչատրյանը հակասություն է տեսել զենքն անփութությամբ օգտագործելու մասին նախարարի հայտարարության մեջ: Նրա խոսքով, եղբայրը կարգապահ էր ու իր պարտականություններն այնքան լավ էր կատարում, որ իրեն ամեն շաբաթ տուն գալու թույլտվություն էին տալիս. «Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր չտիրապետել զենքին, բացի այդ նա արդեն մեկ տարվա ծառայող էր. «Պահանջում ենք, որ նախարարը հետամուտ լինի՝ մեղավորների արագ բացահայտման ու պատժման գործին»:

Պաշտպանության նախարարության պարզաբանումը դեպքի վերաբերյալ կներկայացնենք ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031