Եվ, այնուամենայնիվ, մինչ օրս ԱԺ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչներից որեւէ մեկը չի պարզաբանել, թե աշնան իննսունմեկ օրերից ինչու ընտրվեց հենց հոկտեմբերի 10-ը՝ խոստացված «թեժության» դրսեւորման համար։ Իհարկե՝ նախորդող ութ մարզային հավաքները եւս կարելի է «թեժ աշնան» սկիզբ համարել։ Սակայն գործընթացի հիմնական, ու, թերեւս, որոշիչ միջոցառումը նախատեսված է հենց հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի համար առանց այս էլ նշանակալի այդ օրը, երբ մի կողմից լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հինգերորդ տարելիցը, գործընթաց, որը դեռ չի ավարտվել, մյուս կողմից էլ նախանշված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումը, գործընթաց, որը ոչ մի կերպ չի սկսվում։ Եվ այս իմաստով հոկտեմբերի 10-ը եռյակի համար քաղաքական ռեպերտուարը տեղում փոփոխության ենթարկելու բավականին մեծ հնարավորություններ է պարունակում, որոնք կարող են գործարկվել՝ ըստ անհրաժեշտության։
Իսկ անհրաժեշտությունը կարող է ծագել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հարցում անցանկալի անակնկալների առաջացման դեպքում, եթե հանկարծ, օրինակ, Սերժ Սարգսյանը փորձի հրաժարվել Ղարաբաղի եւ ՀՀ միջեւ մաքսակետի տեղադրում ենթադրող պայմանագրի ստորագրումից կամ շարունակի վճռականորեն պնդել այդ մասին առնվազն ԵՏՄ անդամ երկրների միջեւ կուլիսային համաձայնության անհրաժեշտության վրա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում