Հատված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ հարցազրույցից:
– Վերջին օրերին փոքր եւ միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են կազմակերպում Ազգային ժողովի մոտ։ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի այսօրվանից կիրառվելիք փոփոխությունները բողոքի ալիք են բարձրացրել։ Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները, չէ՞ որ կարծես թե նվազեցվել է գանձվելիք տոկոսադրույքը։
– Ակնհայտ է, որ կա խնդիր, եւ այն անպայման պետք է քննարկել ու լուծումներ գտնել։ Արտաքուստ իսկապես օրենքը, կարծես, լավն է, քանզի հարկային բեռը 3.5 տոկոսից նվազեցվել է 1 տոկոսի։ Շատ գովելի է նաեւ ձգտումը՝ հարկային դաշտ բերել ստվերում գտնվող խոշոր ձեռներեցներին։ Սակայն անթույլատրելի է այդ հարցը լուծել փոքր ու միջին բիզնեսի միջոցով։ Օրենքի այս փոփոխությամբ, ըստ էության, կոնֆլիկտ ենք հրահրում փոքր ու խոշոր բիզնեսի միջեւ՝ փաստացի հիմնական բեռը թողնելով փոքր ու միջին բիզնեսի վրա։ Եթե դիտարկենք վերջին 10 տարիների դինամիկան, ապա ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ուղղակի կուլ գնացին խոշորներին։ Ավելին՝ որոշ ոլորտներում ձեւավորվեցին անթույլատրելի մենաշնորհներ։ Հիմա հնարավոր է նոր «մսաղացի» մեջ հայտնվեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Վերջնարդյունքում փոքր բիզնեսով զբաղվողներին կանգնեցնում ենք ունեցած սուղ հնարավորություններն էլ կորցնելու վտանգի առջեւ։ Շատ բնական է, որ օբյեկտիվորեն այս մարդիկ չեն ուզում մեխանիկորեն վերածվել հարկային գործակալների։
Մի՞թե իսկապես պետությունը չգիտի խոշոր գործարարների տեղը եւ նրանց գործունեության ծավալները։ Այդ դեպքում ինչի՞ համար են համապատասխան մարմիններն ու դրանցում ներգրավված հազարավոր աշխատողները։ Մյուս կողմից, չանդրադառնալով տեխնիկական բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր բարձրացնում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նախեւառաջ պետք է հաշվի առնենք, որ առեւտրով զբաղվող այդ մարդկանց կրթական ցենզը չափազանց տարբեր է, եւ, մեղմ ասած, բոլորը չեն, որ ի վիճակի են գլուխ հանել առաջարկվող պահանջներից։ Իսկ լրացուցիչ աշխատող պահել, որը կվարի այդ ամբողջ թղթարարությունը, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց գերակշիռ մասը հազիվ կարողանում է իր օրահացի խնդիրները լուծել։
Կարդացեք նաև
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում