Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հերթական ձախողումը ԵԽԽՎ-ում. Մինչև ե՞րբ. «Առաջին լրատվական»

Հոկտեմբեր 01,2014 10:25

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Եվրախորհուրդը, հատկապես Խորհրդարանական վեհաժողովը չի կարգավորում հակամարտությունները, ավելին չի կարգավորում անգամ Եվրախորհրդի անդամ-երկրների միջև ծագած խնդիրները: Սա, նրա կարծիքով, անթույլատրելի է: Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է օգտագործել ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ԵԽԽՎ ամբիոնը, գրավյալ տարածքների ու փախստականների հարցն առաջ քաշելու և բարձրաձայնելու համար:

«Ժամանակ առ ժամանակ հաջողվում է Ադրբեջանին ինչ-որ բանաձևերում հաջողություն գրանցել՝ անցկացնելով բառակապակցություններ, որոնք Հայաստանին ձեռնտու չեն: Սա Ադրբեջանն անում է ԵԽԽՎ-ում իր բարեկամ երկրների պատգամավորների միջոցով: Ես կարծում եմ, որ շատ հաճախ հայկական պատվիրակությունը պատշաճ կերպով չի աշխատում: Փոխանակ հայկական պատվիրակությունը արդարացնի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավիճակը, նրանք այլ գործով են զբաղվում, այնինչ այսկերպ նրանք կհաջողեին ներկայացնել նաև Ադրբեջանում առկա մարդու իրավունքների իրավիճակը: Չէ՞ որ հիմնական չափանիշը, որը գործում է այդ ինստիտուտում, մարդու իրավունքներն են, ընտրությունները, ժողովրդավարությունը, իսկ այս տեսանկյունից Հայաստանն ավելի լավ վիճակում է, ու այստեղ մենք կարող ենք բավական առաջընթաց ունենալ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Այնպես ստացվեց, նրա խոսքով, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դիտարկվում է հետևյալ տեսանկյունից՝ թե որ երկիրը որքան փաստարկներ ու լոբբինգ կիրականացնի իր բանաձևն անցկացնելու համար: Իրականում, նրա համոզմամբ, կարելի է ամեն ինչը բերել, մարդու իրավունքների շրջանակներում դնել, այդ դեպքում այսպիսի բանաձևեր առաջ չեն գնա:

«Ադրբեջանը փորձեց օգտագործել ԼՂ հակամարտության գոտում վերջին շրջանի լարվածությունը և զոհերը՝ փորձելով դա ներկայացնել որպես լարվածության, բռնության, ագրեսիայի աճ չվերահսկվող տարածքում: Ես այստեղ մեծ վտանգ չեմ տեսնում լավ աշխատանքի դեպքում: Աշխուժացնելով մեր բարեկամ երկրների ներկայացուցիչներին ու պատգամավորներին՝ կարելի է չեզոքացնել նման բանաձևերն ու զեկույցները: Մենք ոչ թե պաշտպանվողի դերում պետք է լինենք, այլ ճիշտ քաղաքականությամբ այնպես անենք, որ այլ երկրները Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ձայն բարձրացնեն»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Վերջինս մեկ այլ հարց ևս բարձրացրեց՝ փորձելով չվիրավորել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներին: Նրա համոզմամբ՝ կան չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի պատվիրակության անդամը:

«Եվրախորհուրդն ունի աշխատանքային երկու լեզու՝ անգլերեն և ֆրանսերեն: Չի կարելի այնտեղ ուղարկել մարդու, ով այդ լեզուներից գոնե մեկին չի տիրապետում, այս լեզուներից գոնե մեկին պետք է տիրապետեն այնպես, որ կարողանան առանց թղթի ելույթներ ունենալ և շփվել կոլեգաների հետ: Հայ պատվիրակներն ասում են, թե տիրապետում են ռուսերենին, այն դեպքում, երբ ռուսերեն անհրաժեշտ չէ ամենևին, Ռուսաստանը նույնիսկ առկա չէ ԵԽԽՎ-ում: Այնտեղ պետք է ընկերական հարաբերություններ ունենան, հանդիպեն, ներկայացնեն, գրեն, բաժանեն, ոչ թե քարտուղար- թարգմանչի միջոցով հաղորդակցվեն այլ պատվիրակությունների հետ: Համարվում է, որ բժիշկ աշխատելու համար համապատասխան որակներ պետք է ունենալ, իսկ պատվիրակության անդամ աշխատելու համար՝ ո՞չ: Հետո ի՞նչ, որ լավ են աշխատում կուսակցությունում, պետք է եվրոպական ընտանիքին ինտեգրված լինել, դա կարևոր է, հաշվի առնելով, որ Հայաստանը սակավաթիվ անդամներ ունի պատվիրակության կազմում: ԵԽԽՎ պատվիրակության կազմում գտնվելը կուսակցական լինել ու կուսակցական կարգավիճակ ցույց տալը չէ, այնտեղ պետք է ուղարկել այն մարդկանց, ովքեր կարողանում են Հայաստանը ներկայացնել այն լեզուներով, որոնք համարվում են աշխատանքային»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն այդքան էական սխալներ գործում, չկա՞ արդյոք ԵԽԽՎ պատգամավորների սխալի հանգամանքը՝ պատասխանեց, որ կարելի է գտնել անարդարություն կամ գումարների, լոբբինգի պատճառով սխալ վերաբերմունք: Նրա որակմամբ՝ դա մեզանից կախված չէ:

«Ես միշտ նայում եմ մեր անելիքներին. այստեղ մենք մեծ անելիքներ ունենք, մեծ ներուժ ունենք աշխատանքի, եթե մեզ չեն հասկանում, մենք պետք է մեզ նայենք, մեր թերություններին, ոչ թե մեզ չհասկացողներին:

Ադրբեջանը ներկայացնում է հարցը 4 նախադասությամբ, կարճ ու կոնկրետ՝ ագրեսիա, օկուպացիա, փախստականներ, գրավյալ տարածքներ, այսինքն՝ սա հասկանալի 3-4 նախադասությամբ ներկայացվում է բոլորին:

Հայաստանը ԼՂ-ի հետ կապված կարճ տեսակետ չունի: Նույնիսկ ԱԳ նախարարը հաճախ ամաչում է ԼՂՀ ձևակերպումից: Այսինքն՝ ՀՀ-ն ԼՂ հակամարտության կարգավորման իր կոնցեպցիան չունի, որ յուրաքանչյուր պատգամավոր շատ կարճ հասկանա, թե ինչ է ուզում ՀՀ-ն կամ ԼՂ-ն, ոչ թե երկար պատմական, քաղաքական կամ Մադրիդյան սկզբունքների ձևակերպումներով: Ցանկացած հակամարտություն ունի իր բանաձևը՝ հասկանալի բոլորի համար, այն պետք ունենան նաև մեր պատգամավորները, որպեսզի կարողանան թե իրենք հասկանալ, թե կարողանան այլոց բացատրել՝ ի՞նչ է ԼՂ-ն և ի՞նչ է պետք ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031