Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհակարգ՝ հիմնված ռեալիզմի վրա

Հոկտեմբեր 01,2014 17:01

Այդպիսին է Հենրի Քիսինջերի առաջարկը

Ամերիկյան դիվանագիտության եւ քաղաքականության հնաբնակներից մեկը՝ 91-ամյա Հենրի Քիսինջերը, նոր գիրք է գրել՝ «Աշխարհակարգը» (ամբողջական անվանումը՝ «World Order: Reflections on the Character of Nations and the Course of History»): Քիսինջերը, ինչպես հայտնի է, այսպես կոչված, «ռեալ-պոլիտիկ»-ի կողմնակից է: Թե որքանով էր քաղաքականությունը իրատեսական նրա՝ ԱՄՆ պետքարտուղար լինելու ժամանակ (1973-1977), ինչպես ասում են՝ պատմությունը կորոշի: Որպես «մինուս» սովորաբար նշվում են Կամբոջայի ռմբակոծությունները եւ Չիլիի սոցիալիստ նախագահ Ալիենդեի դեմ իրականացված հեղաշրջումը, իսկ որպես «պլուս»՝ Խորհրդային Միության հետ լարվածության թուլացումը, Վիետնամում պատերազմի ավարտը, Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը:

Մեզ համար առավել հետաքրքիր է, թե ինչպես է Քիսինջերը պատկերացնում աշխարհակարգն այսօր, երբ այդ կարգի հիմնական բաղադրիչները կարծես թե խարխլվել են: Դիվանագետի լուծումները բխում են նրա պատկերացումներից ռեալիզմի եւ իդեալիզմի մասին: Որպես դրանց մարմնավորում՝ Քիսինջերը հակադրում է իր երկրի 26-րդ եւ 28-րդ նախագահներին՝ Թեոդոր Ռուզվելտին (նախագահել է 1901-1909-ի շրջանում) եւ Վուդրո Վիլսոնին (1913-1921): Առաջինի արտաքին քաղաքականությունը, ըստ հեղինակի, հիմնված էր պետական շահերի, աշխարհաքաղաքական նկատառումների եւ կոպիտ ուժի վրա: Երկրորդը փորձում էր աշխարհում հաստատել այն ժողովրդավարական արժեքները, որոնք ընդունված են ԱՄՆ-ի ներսում, նա նաեւ կիրառում էր «միջազգային իրավունքը»՝ ավելի շուտ դիվանագիտական, քան ուժային ճանապարհով:

Քիսինջերն իր գրքում ուղղակիորեն ծաղրում է Վիլսոնին՝ չմոռանալով, որ վերջինս քաղաքականություն էր եկել ակադեմիական շրջանակներից՝ զուտ քաղաքական ոլորտում ունենալով ընդամենը երկու տարվա փորձ: Նախկին պետքարտուղարը թվարկում է ԱՄՆ 28-րդ նախագահի ձեռնարկումները՝ նշելով, որ դրանք բոլորն, ըստ էության, տապալվել են: Մենք՝ հայերս, դրա մասին շատ լավ գիտենք. այդ նախագահի, այսպես կոչված, «իրավարար վճիռը», մասնավորապես՝ այն մասին, թե ինչպես պետք է անցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, այդպես էլ մնաց թղթի վրա: Չնայած այդ փաստաթուղթը միանգամայն համապատասխանում է թե մարդկային արդարության մասին պատկերացումներին, թե միջազգային իրավունքի նորմերին: Բայց քաղաքականության մեջ նույնիսկ չեն էլ թքում արդարության եւ իրավունքի վրա:

Վիլսոնի իդեալիստական մոտեցումը, Քիսինջերի կարծիքով, ունեցել է իր շարունակությունը ԱՄՆ որոշ նախագահների քաղաքականության մեջ եւ բերել է հուսահատությունների, ֆրուստրացիաների, ներխուժումների եւ զորքերի դուրսբերումների Վիետնամում, Իրաքում եւ Աֆղանստանում: Քիսինջերը սարսափելի է համարում ավելի քան մեկ տրիլիոն արժողությամբ փորձերը՝ ժողովրդավարություն հաստատելու Միջին Արեւելքի երկրներում, երբ այնտեղ բավականաչափ պատմական փորձ չկա՝ այդ արժեքներն ընկալելու: 2011 թվականին Հոսնի Մուբարաքը պաշտոնանկ արվեց հանուն ժողովրդավարության, սակայն Վաշինգտոնը աչք փակեց ռազմական հեղաշրջման վրա, որի արդյունքում իշխանության էին եկել ոչ կոմպետենտ եւ հանդուրժողականությամբ չփայլող «Մահմեդական եղբայրները»: Լիբիայում Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ճնշման տակ տապալվեց գնդապետ Քադաֆին, սակայն ներկայումս այդ երկիրը կազմաքանդվում է՝ ցեղային թշնամանքի եւ տարբեր ավազակախմբերի գործունեության արդյունքում:
Քիսինջերի այս երկու գնահատականներն, իմ կարծիքով, անվիճելի են: Այլ է Սիրիայի հարցում. այստեղ, հեղինակի կարծիքով, Օբաման անվճռականություն է դրսեւորել՝ նա պետք է քիմիական զենքի գոյության փաստը ապացուցելու պարագայում հարվածներ հասցներ այդ երկրին: Դիվանագետն ընդհանրապես որոշ դեպքերում կողմնակից է կարծր գործողությունների, որոնք, սակայն, չեն հետապնդում ինչ-որ իդեալիստական նպատակներ, այլ սպասարկում են երկրի ազգային շահերը: Միացյալ Նահանգները, նրա կարծիքով, պետք է պահպանի աշխարհակարգի կերտման գործում իր առաջատար դերը, սակայն ոչ թե որպես բարոյախոսությամբ զբաղվող ոստիկան, այլ որպես վճռական եւ պրագմատիկ գերտերություն, որը գործում է իր դաշնակիցների, իսկ երբեմն նաեւ՝ մրցակիցների հետ՝ աշխարհում հավասարակշռությունը պահպանելու համար:
Քիսինջերը գիտակցում է, որ աշխարհակարգը պետք է հիմնված լինի ուժերի բալանսի եւ ոչ թե որեւէ մեկի հեգեմոնիայի վրա: Այդ բալանսը ենթադրում է նաեւ այն, ինչ հեղինակն անվանում է «բարոյական չեզոքություն» (moral neutrality), որը նա հասկանում է որպես հնարավորություն բոլոր ազգերի համար դավանելու իրենց սեփական արժեքները:
2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են սպասվում: Թեկնածուները հաշվի կառնե՞ն Քիսինջերի խորհուրդները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031