Լրահոս
Օրվա լրահոսը

Հազար տարվա «90-60-90»

Հոկտեմբեր 01,2014 16:30

Այս շաբաթը հարուստ էր ամենատարբեր իրադարձություններով. է՛լ դարակազմիկ ելույթներ, է՛լ դարակազմիկ հավաքներ, է՛լ դարակազմիկ նշանակումներ, մի խոսքով՝ իսկական լրագրողի մուրազ: Բայց թեմաների այս բազմազանության մեջ շաբաթվա վերլուծությունում ուզում եմ «գրողի ծոցն ուղարկել» իմ հիմնական՝ քաղաքական ու իրավական ոլորտները եւ անդրադառնալ առաջին հայացքից մի անչափ առօրեական հարցի՝ մեր տաքսու վարորդների մտածելակերպին:

Վարորդը՝ հայ ժողովրդի
հավաքական կերպար

Ինչո՞ւ հենց տաքսու վարորդներ: Որովհետեւ նրանք հիմնականում պրոֆեսիոնալներ չեն, այլ հանգամանքների բերումով տաքսու ղեկին հայտնված նախկին ինժեներներ, շինարարներ, իրավաբաններ, պետական մանր ու միջին ծառայողներ… Այսինքն՝ գրեթե հասարակության ողջ ներկապնակը: Չգիտես ինչու, հիմնականում բոլորն ամաչում են իրենց ներկա մասնագիտության համար ու անմիջապես հարկ են համարում նշել, որ իրենք վարորդ չեն, բարձրագույն կրթություն ունեն կամ վատագույն դեպքում՝ «ռուսաստաններում» լավ բիզնես են ունեցել (իսկ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը դեռ դժգոհում էր, թե հայ տաքսիստները ռուսերեն չգիտեն), պարզապես ընտանեկան պատճառներով բիզնեսը թողել-եկել են ու այդպես «լռվել-մնացել»:

90-60-90

Տաքսիստները շատ խիստ են վերաբերվում օրինախախտումներին, իհարկե՝ եթե օրենք խախտողն իրենք չեն: Ուղեւորության ընթացքում ստիպված ես անընդհատ լսել անցորդներին ու վարորդներին ուղղված՝ «բա տենց փողո՞ց են անցնում», «բա տենց քշո՞ւմ են», «բա սրանք շոֆե՞ր են» ու նման այլ արտահայտություններ: «Իսկ ինչո՞ւ ամրագոտին չեք կապել»,- փոքրիկ պրովոկացիա եմ անում: «Ապակիներս մուգ են, չի երեւում»,- անվրդով պատասխանում է վարորդը: «Ի՞նչ է, ամրագոտին տեսուչների համա՞ր եք կապում»: «Բա էլ ո՞ւմ,- անկեղծ զարմանում է վարորդն ու հանկարծ հարցնում:- 90-60-90-ն ի՞նչ է»: «Իդեալական կնոջ կազմվածքը չէ՞», – պատասխանում եմ:
«Մեքենան գնում է քաղաքով, հասնում է արագաչափին, անցնում է,- ծիծաղում է վարորդը,- հենց այդպես էլ ապրում ենք»:

Այո, հենց այդպես էլ ապրում ենք:

Պետական ծառայությո՞ւն,
թե՞ բիզնես

Վարորդները հիմնականում կարոտախտով են հիշում խորհրդային տարիները եւ անկեղծորեն ողջունում են Եվրասիական միությանը միանալու նախաձեռնությունը: «Մետիզում» էի աշխատում,- երանությամբ պատմում է վարորդներից մեկը:- Ի՜նչ տարիներ էին: Ինչ ձեռներս էր ընկնում՝ տանում էինք: Ոչ մի օր դատարկ տուն չէինք գնում: Բայց օրենք կար՝ էսօրվա թալանը չէր, ամեն մեկը իր չափով էր տանում»: «Բա հիմա ինչո՞ւ չեք թալանում»,- հարցնում եմ: «Էհ,- նույն կարոտով ասում է նա,- հիմա թալանելու համար բարձր պաշտոն պիտի ունենաս: Այ, տղաս հարցնում է՝ պապ ջան, չգիտեմ ինչ անեմ, պետական ծառայությո՞ւն մտնեմ, թե՞ բիզնես բացեմ: Պետական ծառայություն մտիր՝ ասում եմ, որ բիզնես բացես»:

Առաջ ճշմարտություն էր
որոնում, հիմա՝ աշխատանք

Վարորդները սիրում են դժգոհել իրենց «տաքսի ծառայություններից»: Ժամերով կարող են պատմել, թե ինչպիսի անօրինականությունների են հանդիպում, եւ իրենք նույնքան անօրինական ինչպիսի հակաքայլեր են ձեռնարկում: «Իսկ ինչո՞ւ չեք բողոքում, ձեր շահերը չեք պաշտպանում»,- հարցնում եմ: «Տենց մի երկու հոգի ունեինք, ճշմարտություն էին փնտրում… հիմա մի վեց ամիս է՝ գործ են փնտրում»:

Ոչինչ չի՞ փոխվել

«Ոչինչ, աղջիկ ջան,- ինձ, թե իրեն մխիթարեց իմ հերթական վարորդ-զրուցակիցը,- էս էլ կանցնի, հայը հազար տարի է՝ ամեն դժվարություն էլ հաջողությամբ հաղթահարում է»:
Այո, հաջողությամբ հաղթահարում է, բայց նախ՝ շատ ավելի մեծ հաջողությամբ իր գլխին «սարքում է» այդ դժվարությունները: Մի՞թե հազար տարում ոչինչ չի փոխվել: Իսկ գուցե պատճառն այն է, որ ինչպես դեռ Սենեկան էր ասում՝ «Ստրուկները ոչ թե ազատության համար են պայքարում, այլ որ ստրկատեր դառնան ու ստրուկ ունենան»:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դ: Սարգսյան says:

    Ուրախ եմ, որ Աստված չի հանգստացել Արտաշես Քալանթարյանի ժառանգի վրա.
    Իմ կարդացած լավագույն հոդվածներից է, քալանթարյանական պարզ բայց խորիմաստ ոճ, հումոր և տողատակ.

    Նման հոդվածները պետք է ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ուսումնասիրեն.

    Դ: Ս:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031