Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի եւ ոսկու շուկայի դեպքը մի գործընթացի շրջանակներում է»

Հոկտեմբեր 01,2014 15:00

«Սուրիկ Խաչատրյանի եւ «ոսկու շուկայի» դեպքերի դրվագները առանձին-առանձին չեն դիտարկվում հասարակության կողմից, սա տեղի է ունենում մի գործընթացի շրջանակներում եւ այդպես էլ ընկալվում է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ներկայումս «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահն է:

«Վախվորածության ավելի խորքային աստիճան է այն մարդկանց մոտ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար. նրանք վախենում են, որ ավելի վատ բան տեղի կունենա իրենց նկատմամբ, երբ դիմեն համապատասխան մարմինների: Մենք չպետք է նմանվենք մեր հարեւան երկրի իրավիճակին մարդու իրավունքներում, որ արդեն դատապարտվում է միջազգային հանրության կողմից»,- ասում է տիկին Ալավերդյանը՝ պատասխանելով մեր դիտարկմանը, թե Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի՝ առեւտրականների նկատմամբ կատարած ոտնձգությունը որեւէ իրավապահ մարմնի կողմից արձագանք չստացավ, հատկապես որ տեսանյութը փաստ էր: «Առավոտի» դիտարկմանը, թե փաստորեն փոքր եւ միջին բիզնեսը մեր երկրում ֆիզիկապես էլ պաշտպանված չէ եւ տոնավաճառի սեփականատերը, որը անհատ ձեռներեցին ընդամենը տարածք է տրամադրում, ինչպես ուզենա՝ կվարվի նրա հետ եւ մեկ օրում հացից կզրկի՝ խախտելով նրա իրավունքը, տիկին Ալավերդյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում ֆիզիկական վնաս հասցնել այդ աշխատանքային տեղերին, ի՞նչ է նշանակում սպառնալ, որ այլեւս չի շարունակի եւ կդադարեցնի պայմանագիրը. այս բոլորը ոչ միայն մարդու իրավունքի խախտումներ են, այլեւ ուղղակի օրենքի նորմերի խախտում: Որ ֆիզիկական վնաս է հասցվել աշխատատեղերին, դա արդեն քրեորեն հետապնդելի գործողություն է, եւ պետք է հստակեցնենք, որ դա ամենաթողության պայմաններում է տեղի ունենում: Երբ մենք խոսում ենք սահմանադրական փոփոխության մասին, որեւէ օրենքի մասին, պետք է նախ եւ առաջ նկատի ունենալ այն մթնոլորտը, որը տիրում է մեր երկրում, եւ այսպիսի դրվագները տապալում են հենց Սահմանադրության փոփոխությունների գործընթացը»:
Մեկնաբանելով վերջին ժամանակահատվածում հայաստանյան իրավիճակը, որտեղ շատ դեպքերում օրենքի խախտման ակնհայտ դեպքեր են արձանագրվել, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ թե՛ «ոսկու շուկայի» դեպքը, թե՛ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը բերում են նրան, որ շատ շատերի պայքարելու կամքը կտրուկ իջնի:
«Չի կարելի հաշվի չառնել այն գնահատականը եւ բարոյական հարվածը, որը ստացել է հասարակությունը՝ կապված Սուրիկ Խաչատրյանի գործերի հետ, եւ նրա վերանշանակումը անհասկանալի է. երկրի գործող նախագահը այդ դեպքերում պետք է հաշվի առնի, թե ինչ բացասական հետք է թողնում հասարակության վրա: Ես կարծում եմ՝ այդ իրավիճակը իրոք անհանգստացնող է, խորքային գործընթացներ կան, որոնք պարզապես խաթարում են իրավական երկիր կայացնելու ցանկությունը: Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է՝ մարդու իրավունքի պաշտպանները ահազանգեն դրա մասին»:

Ինչքան էլ Հայաստանում մարդու իրավունքների շրջանակներում սոցիալ-տնտեսական իրավունքների՝ մասնավորապես անհանգստացնող վիճակը տիրում է աշխատանքային իրավունքների մասով, այնուամենայնիվ՝ «ոսկու շուկայի» սեփականատիրոջ կողմից վնաս կրած մարդկանց տիկին Ալավերդյանը առաջին հերթին առաջարկում է դիմել ոստիկանություն, որպեսզի կարողանան խոսել իրավաբանական լեզվով. «Քանի որ աշխատանքային իրավունքների ոտնահարումը շատ լայն տարածում ունի, բայց արհմիությունները, որպես այդպիսին, գործող աղբյուր չեն, եւ հենց աշխատողի կողքին կանգնած արհմիություններ մենք այդպես էլ չունեցանք»: Կամ էլ նախկին օմբուդսմենի կարծիքով՝ այդ գործընթացը պետք է սեփական նախաձեռնությամբ իր վրա վերցնի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը եւ ընթացք տա դրան:

Ոստիկանությունից «Առավոտի» հարցին պատասխանեցին, որ Վաղարշ Աբրահամյանի արարքը որեւէ ընթացք չի ստացել, եւ ոչ էլ որեւէ ձեռնարկատիրոջ դիմում կա:
Փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեցինք՝ երբ տեսանյութով, որը հանդիսանում է ապացույց, ներկայացված է տոնավաճառի տիրոջ ոտնձգությունը առեւտրականների գույքի նկատմամբ, արդյոք հիմք չէ՞ նրա դեմ գործ հարուցելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու, պարոն Վարոսյանն ասաց. «Ոստիկանությունն առանց դիմում-բողոքի էլ պետք է գործ հարուցեր` հաշվի առնելով երկու հանգամանք. առաջին՝ որ ենթադրյալ տուժողները գործողություն կատարող անձից որոշակի կախվածություն ունեցող անձինք են, երկրորդ` կոնկրետ գործողություն կատարող անձը ակնհայտ է, որ իր գործողությունները ուղղել է ոչ թե կոնկրետ գույքը վնասելու, այլ փորձել է ահաբեկել՝ ցույց տալով իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ: Սրանք նաեւ հասարակության դեմ ուղղված գործողությունների տարրեր են իրենց մեջ պարունակում»:

Փաստաբանի ներկայացմամբ՝ Քրեական օրենսգրքով նախատեսված են մի շարք հոդվածներ, որոնցով քրեական գործի հարուցումը քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի է միայն այն դեպքում, երբ որ կոնկրետ տուժող անձը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին, տուժողի բողոքի առկայությամբ. «Ուստի ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել: Վաղարշ Աբրահամյանի գործողություններում հանցատարր կա, թե ոչ՝ ցույց կտար արդեն քննությունը»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031