Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ձմեռ շատ տանտիկինների տարաները կմնան առանց պահածոների

Հոկտեմբեր 01,2014 14:30

Ամեն տարի այս ժամանակ տնային տնտեսուհիները մեծ ջանասիրությամբ սկսում են ձմռան պաշար հավաքել՝ պահածոյացնելով «կարմիր բիբար», «աջիկա», լոբի, բադրիջանի «խավիար» եւ այլն: Սակայն այս տարի գյուղմթերքի գների բարձրացման պատճառով տանտիրուհիներից շատերը չեն կարողանում պահածո պատրաստել: «Առավոտի» անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ այս տարի որոշ տանտիկիններ էլ, լսելով առողջապահության ոլորտի մասնագետների կոչը, պարզապես հրաժարվում են տան պայմաններում բանջարեղեն պահածոյացնել:

«Ամեն ինչ օր օրի թանկանում է: Այն օրն էի շուկա եկել, ամեն ինչ էսքան թանկ չէր: Եթե մի շաբաթ առաջ պոմիդորի մեկ կիլոգրամը կարող էիր գնել 100-150 դրամով, ապա հիմա արժե 200-250 դրամ: Վարունգի կիլոգրամը սարքել են 200-300 դրամ, կարտոֆիլինը՝ 200-250, հոնի կիլոգրամն արդեն 1500 դրամի է հասել, թզինը՝ 1000-1500-ի»,- մեզ հետ զրույցում ասում է Կարինե Հայրապետյանը, ապա ավելացնում, որ թանկացումների պատճառով կարողացել է ընդամենը մի քանի տարա բանջարեղեն պահածոյացնել:
Սուսաննա Գրիգորյանը, որը չորս երեխա ունի, ասաց, որ այս տարի մի քանի տեսակի պահածո պատրաստելու համար ծախսել է 100 հազար դրամ: Նրա հաշվարկներով՝ եւս 50-70 հազար դրամ էլ պետք կլինի մրգերից պահածո պատրաստելու համար:

Տիկին Հասմիկը, որը մասնագիտությամբ մանկավարժ է, ասաց, որ արդեն 3-րդ տարին է՝ տան պայմաններում պահածո չի պատրաստում, համոզված է, որ մի շարք բանջարեղեններ ուղղակի բոտուլիզմի բուն են. «Նույն ծախսն է լինում, ինչու ժամերով կանգնեմ գազօջախի մոտ, եթե կարող եմ ուզածս մուրաբան ու մարինադը խանութից գնել, հատկապես, որ դրանք գործարանային տարբերակով առավել անվտանգ են»: Տնային պայմաններում պատրաստված պահածոներից ամենաշատ թունավորման դեպքերն այս տարի գրանցվել են Արարատի, Տավուշի, Շիրակի մարզերում:

«Եթե նախորդ տարի բոտուլիզմի 20 դեպք է եղել, եւ 36 մարդ տուժել է, 3-ն էլ՝ մահացել, ապա այս տարի արձանագրվել է թունավորման 4 դեպք՝ 6 տուժածով, իսկ մահվան դեպք դեռ չի գրանցվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը: Բոտուլիզմից խուսափելու համար տիկին Հունանյանը խորհուրդ տվեց օգտագործել միմիայն գործարանային պայմաններում պատրաստված պահածոներ: Ըստ նրա՝ այդ պահածոները ստերիլիզացվում են հատուկ սարքերում, բարձր ջերմության տակ, եւ դրանցում առկա սպորները ոչնչանում են, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ նման ջերմաստիճան ապահովել. «Բոտուլիզմի առաջացման համար ռիսկային են պահածոյացված սմբուկի խավիարը, բուլղարական կարմիր պղպեղը, գազարով լցոնած պղպեղը, հատկապես՝ լոլիկի եւ վարունգի մարինադներն ու շուշանի թթուն»,- ասում է Լիլիթ Հունանյանը:

Եթե, այնուամենայնիվ, տանտիկինները չեն հրաժարվում տան պայմաններում պահածոներ պատրաստելու մտքից, ապա, ըստ մասնագետի, դրանք նախ պետք է եռացնել առանձին կաթսայի մեջ 20-25 րոպե եւ ապա միայն օգտագործել:

Հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետը տեղեկացրեց, որ բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնունդն ուտելուց 2 ժամից մինչեւ 12 ժամվա ընթացքում. «Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված լինել, հնարավոր է նաեւ կոպերի իջեցում»,- ասում է նախարարության մասնագետը՝ հավելելով, որ այդպիսի նշանների դեպքում չպետք է ինքնաբուժմամբ զբաղվել եւ անհապաղ պետք է դիմել բժիշկների օգնությանը:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031