Վահե Թոքմաջյանի հերթական միջազգային հաղթանակը
Ճանաչված քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը որդիների՝ Վահեի եւ Հայկի հետ իրականացրել է մի շարք մոնումենտալ քանդակներ, այդ թվում՝ Երեւանում՝ Նորքի բարձունքում կանգնեցվել է Տիգրան Մեծի վեհաշուք, վարդագույն մարմարե արձանը, նախագահի նստավայրի դիմաց՝ Տիգրան Մեծ եւ Նոյ աշխատանքները, Ղրիմում՝ Սիմֆերոպոլի կենտրոնում՝ Այվազովսկի եղբայրների սպիտակ մարմարե քանդակախումբը: Իսկ Կիպրոսում, Ամատուսի քաղաքում տեղադրված է Թոքմաջյանների հերթական՝ մարմարից արված աշխատանքը՝ հույն ազգային հերոս, մարաթոնյան վազքի աշխարհի չեմպիոն Սպիրոս Լուիսի հուշարձանը:
Վերջերս Բրազիլիայի Կորոնել-Շավեր-Շավիս քաղաքում տեղադրվեց Կանադայում բնակվող եւ ստեղծագործող Վահե Թոքմաջյանի՝ Քրիստոսի խաչելիության թեմայով քանդակը (լուսանկարում):
Կարդացեք նաև
«Առավոտը» հեղինակից նախ հետաքրքրվեց՝ ո՞ր թվականից է բնակվում Կանադայում եւ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ քանդակագործը Բրազիլիայում ներկայացրել է Կանադան: «Բազմիցս մասնակցել եմ միջազգային սիմպոզիումների Հունաստանում, Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում եւ այլն: 2006թ. մասնակցելով Կանադայում անցկացվող սիմպոզիումին, ստեղծածս «Սիրո երգ» երկֆիգուրանոց քարե կոմպոզիցիան հեղինակավոր ժյուրիի կողմից արժանացավ բարձր գնահատականի ու տեղադրվեց Օտտավայի քաղաքապետարանի պուրակում: Այս հանգամանքը որոշիչ դեր խաղաց իմ կյանքում: Հայաստան վերադառնալուց ընդամենը մեկ տարի հետո ստացա այդ երկրում ապրելու եւ ստեղծագործելու հրավեր»,- հայտնեց Վահե Թոքմաջյանը: Ինչ վերաբերում է Բրազիլիայում Կանադան ներկայացնելուն, ասաց. «Տարբեր երկրներից քանդակագործներ էին հրավիրված, ընտրված էր 5 արվեստագետ, որոնց աշխատանքները հավանություն ստանալուց հետո պետք է հանգրվանեին Բրազիլիայի տարբեր քաղաքների գործող եկեղեցիների ճակատային մասում: Ես բրազիլական գրանիտից կերտեցի Քրիստոսի կերպարը, որտեղ նա պատկերված է խաչելիությունից առաջ: Կարճ ասած՝ աշխատանքս արժանացավ մրցանակի, իսկ Կանադա վերադառնալուն պես տեղի թերթերն արձանագրեցին բրազիլական հաջողությանս մասին: Ընդ որում, Կանադան ներկայացնում էի ես, հետեւաբար հանդես եմ եկել այդ երկրի դրոշի ներքո»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է հայ արվեստագետն ընտանիքով ընտելացել իրենց համար անծանոթ կանադական միջավայրին: Մեր զրուցակցի խոսքերով՝ սկզբնական շրջանում նույնիսկ շատ դժվար է եղել, սակայն հաղթահարել են. «Գծանկար եմ դասավանդում Քալգարիի պետական համալսարանում, կինս՝ Լուսինե Հարությունյանը, մասնագիտությամբ դերասանուհի է, բայց ինչ-ինչ պատճառներով՝ երբեք բեմ չի բարձրացել, այժմ զբաղվում է թարգմանչական արվեստով, 3 երեխաներս էլ, բնականաբար, սովորում են տեղի ուսումնական հաստատություններում»: Վահե Թոքմաջյանը նշեց, որ մշտապես կապի մեջ է իր պրոֆեսորի՝ հոր՝ Լեւոն Թոքմաջյանի հետ եւ 2011թ. հայր ու որդի հրավիրվել ու հանդիպել են Արգենտինայում: «Կանադան ներկայացնում էի ես, իսկ Հայաստանը՝ հայրս: Նախապես էսքիզներ էինք ուղարկել եւ շուրջ 200 երկրից հայտ ներկայացրած քանդակագործներից մենք էինք ընտրվել: Աշխատում էինք կողք կողքի՝ Հայաստանի եւ Կանադայի դրոշների ներքո, ինչը շարժել էր այցելուների հետաքրքրությունը ու մեր շուրջը մշտապես մարդաշատ էր…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2014