Այս կարծիքին է Ազատ Արշակյանը, ըստ որի՝ եռյակը նույնպես իշխանություն է ու անհամատեղելի
Օրերս Աբովյան քաղաքում կազմակերպված եռյակի հանրահավաքին, որին բավականաչափ մարդիկ են ներկա եղել, պարզվում է՝ ոչ բոլորն են ինքնակամ եկել: ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը (Շշերի Մելոն) այդ գործին աջակցելու իր լուման է ունեցել: Պարզվում է՝ իրեն պատկանող շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեցին հենց իրենք, հանրահավաքի ոչ կուսակցական, բայց ստիպված այնտեղ եղած մասնակիցներից: Երեկ էլ՝ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձրաձայնեց նմանատիպ կոպիտ խախտման մասին, նա հայտարարեց, որ սեպտեմբերի 28-ին Սիսիանում կայացած եռյակի հանրահավաքի ժամանակ էլ դրոշներով դպրոցահասակ երեխաների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ են եղել: Ըստ նրա՝ այնտեղ, որտեղ կրթական հաստատությունների տնօրենները եռյակի կուսակցությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ են, հանրահավաքային գործընթացի մեջ փորձում են ներքաշել ուսումնական հաստատությունները: ՀՀԿ-ական նախարարը կոչ արեց հեռու մնալ կրթական համակարգից եւ ուսումնական հաստատություններից հանրահավաքներին մարդ տանելուց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ Սիսիանում կայացած իրազեկման հանրահավաքի վերաբերյալ ասել էր, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից թույլ չեն տվել, որպեսզի ավտոբուսները մեկնեն դեպի Սիսիան, այդպիսով մարդկանց զրկել են իրենց հանրահավաքին մասնակցելու հնարավորությունից: Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ այս ղեկավարությունը բռնանում է մարդկանց ազատությունների վրա. «Դրանք չեն էլ կարող ասել, թե ինչպես ծնվեց Եռագույնը, բայց հստակ կարող են ասել, թե ինչքան փող պետք է տալ՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համար»:
Ներքաղաքական իրավիճակում, ինչպես ասում են, պատմությունը կրկնվում է: «Առավոտի» հետ զրույցում ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն (լուսանկարում) ասաց, որ այսօր իշխանական ռեսուրսներն օգտագործվում են ճիշտ այնպես, ինչպես եղել է միշտ: Նրա խոսքով՝ այսօրվա եռյակը՝ ընդդիմությունը, իր քաղաքական ծրագրերը ներկայացնելու համար ունի հրաշալի հարթակ՝ ԱԺ-ն: Եվ եթե ուզում է անմիջապես շփվել ժողովրդի հետ, ապա հանդես են կազմակերպում, նվերներ են բաժանում, ու նրա խոսքով՝ դա ժամանակին կոչվում էր գարեջրային կոմպանիա. «ԱԺ իշխանության այդ թեւը, ես ասում եմ, պնդում եմ՝ իշխանության այդ թեւը, որովհետեւ ԱԺ-ն իշխանություն է՝ այդ կերպ վարվում են բանվորների, ծառայողների հետ, նրանց հյուրասիրում են պայմանական գարեջրով, որ մարդիկ ուրախանան, զվարճանան ու լավ կլինի՝ այնտեղ լինեին ծաղրածուներ: Եթե քաղաքական գնահատական տանք այս ամենին, ապա կարծում եմ՝ չի ստացվի: Քանի որ եթե ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ նույն հարթակ է բարձրանում նրանց ծրագրերին հակառակ գնացող «Ժառանգությունը»՝ դա դառնում է ֆարս, նա հայտարարել է, որ դեմ է ՄՄ-ին միանալուն, աղքատ, միջազգային սանկցիաներին ենթարկվող, լուրջ ճգնաժամ ապրող մի համակարգի, ու առանց այդ էլ ՀՀ տնտեսությունը ծանր վիճակում է, իսկ մենք ռեսուրսներ չունենք, որ միանանք այդ աղքատներին, որպես դոնոր, ես ողջունում էի սա, կեցցե «Ժառանգությունը», իսկ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, որոնք ուզում են միանալ, եւ դա իրենց քաղաքական կուրսն է, ես չեմ հասկանում՝ ինչպես են դա անում: ՀՀ քաղաքական գլխավոր ծրագրերը՝ ինքնիշխանությունն ու տնտեսական բարգավաճումը դրել են մի կողմ եւ մեզ ասում են՝ եկեք հանդեսների մասնակցեք: «Ժառանգությունն» ու նրանք անհամատեղելի են: Ես գտնում եմ՝ դա հանդես է եւ եթե ինձ էլ առաջարկեն ու եթե այդ ներկայացումները իմ ճաշակով լինեն եւ որ նախօրոք ասեն, թե ինչ է լինելու, ես էլ կգնամ այդ հանդիպումներին: Մի տարբերություն կա, իշխանական այդ թեւը մի փոքր տարբերվում է իշխանական մեծամասնությունից, նրանով, որ հանրահավաքի մասնակիցներին ծանուցագրեր չեն ուղարկում հաջորդ օրը:
Կարծում եմ՝ նրանք, ովքեր որ խուսափեն հանրահավաքից, օրինակ՝ կրթության համակարգի աշխատողները, բժիշկները, ապա դրա դիմաց նրանց միայն կպարսավեն, բայց «Շշի Մելոյի» բանվորների պես չի լինի, որոնք հավանաբար հավելավճարից են զրկվելու հանրահավաքին չգնալու համար, բայց դատախազությունը նրանց ծանուցագրով չի հրավիրի բացատրություններ տալու: Թող զվարճացնեն ժողովրդին, ինչ անենք, հիմա մեծ ֆուտբոլ չկա, հանդեսներ չկան, ես կողմ եմ զանգվածային միջոցառումներին»,- ասաց Ազատ Արշակյանը, ավելացնելով, որ եռյակի օրակարգը ճիշտ չէ, եւ այն, ինչ մարդիկ են այսօր ուզում, դա չի քննարկվում: Ազատ Արշակյանը գտնում է, որ տնտեսական զարգացման մասին չեն խոսում, որովհետեւ հենց իրենք են տանում Հայաստանն աղքատ համակարգի. «Մեզ դատապարտում են աղքատության եւ թշվառության՝ միանալով ՄՄ-ին: Եթե մեզ կտրում եք հարուստ համակարգից, տանում-կանգնացնում աղքատների շարքին, ուրեմն էլ ինչ տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել: Տնտեսական աճ եւ ինքնիշխանություն այդ միության մեջ, որտեղ Հայաստանն են տանում՝ բացառված է»: Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ապա, ըստ Ազատ Արշակյանի, ուսանողներին, դպրոցականներին ոչ միայն չի կարելի ներգրավել քաղաքական խաղերի մեջ, այլեւ հարկավոր է նրանց պաշտպանել քաղաքական ոտնձգություններից. «Աշոտյանը ճիշտ է անում, որ պաշտպանում է իր համայնքի ներկայացուցիչներին, յուրաքանչյուր նախարար պետք է իր բնագավառի աշխատակիցների շահերը պաշտպանի»:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2014
ՀՀկ ի հանրահավաքների ժամանակ բայց կարելի է ուսանողներին և դպրոցականերին,չհաշված մանկապարտեզների երեխաներին տանել :