Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանը՝ ոստիկանության ներկայացուցչին. «Պետք է գնդացիրով գնդակահարեի՞ն, որ ասեիք միջամտություն է տեղի ունեցել»

Սեպտեմբեր 30,2014 23:30

 

Իսկ ոստիկանության ներկայացուցիչը պնդում էր, որ ոստիկանությունը նպատակ չի ունեցել խոչընդոտել հավաքը:

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի գլխավորությամբ քննում էր ոստիկանության հայցն ընդդեմ «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, եւ վերջինիս հակընդդեմ հայցը՝ ոստիկանությանը:

Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը իր խոսքում նշեց, որ 2013 թ. օգոստոսի 23-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Կոմիտասի պողոտայում, որի ընթացքում էլ փակել էին պողոտայի երթեւեկելի գոտի եւ նստել այնտեղ.«Ոստիկանությունն իր աշխատանքն է կատարել եւ իր օրինական պահանջն է  ներկայացրել: Հաշվի առնելով այն, որ Կոմիտասի պողոտան համարվում է մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը եւ կապում է մի քանի վարչական շրջաններ՝ ոստիկանները պահանջել են ազատել պողոտայի երթեւեկելի հատվածը»:

Նա նշեց, որ ոստիկանները մի քանի անգամ նախազգուշացրել են Արգիշտի Կիվիրյանին, սակայն նա չի լսել ոստիկանների հորդորները եւ շարունակել է մնալ երթեւեկելի հատվածում, որից հետո վարչական ձերբակալություն է տեղի ունեցել: Սակայն այդ օրը ոստիկանին չի հաջողվել արձանագրություն կազմել, քանի որ Արգիշտի Կիվիրյանը առողջական խնդիրներ է ունեցել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել ահազանգել շտապ օգնության ծառայություն: Տիկին Մելիքսեթյանը հավելեց, որ, քանի որ, ըստ օրենքի, արձանագրությունը առանց Արգիշտի Կիվիրյանի հնարավոր չէր կազմել, այդ օրվանից հետո Արգիշտի Կիվիրյանը երկու անգամ ծանուցում է ստացել, սակայն չի ներկայացել ոստիկանության բաժանմունք: Իսկ արձանագրությունը կազմվել է սեպտեմբերի 4-ին, երբ Կիվիրյանը հաջորդ անգամ բերման է ենթարկվել:

Պատասխանելով Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի հարցերին՝ Մարթա Մելիքսեթյանը չժխտեց, որ ակցիան եղել է խաղաղ: Սակայն նա չէր համաձայնում այն հայտարարությանը, թե ոստիկանությունը միջամտել է եւ եւ խոչընդոտել է ցուցարարների խաղաղ հավաքը. «Ոստիկանությունը նպատակ չի ունեցել խոչընդոտել հավաքը, կա նորմ, որն արգելում է երթեւկելի գոտում գտնվել՝ ստեղծելով վթարային իրավիճակ»:

Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ իրեն բերման են ենթարկել մայթից՝ ֆիզիկական ուժ կիրառելով. «Պետք է գնդացիրով գնդակահարեի՞ն, որ ասեիք միջամտություն է տեղի ունեցել: Հավաքի մասնակիցների մեծամասնությանը բերման են ենթարկել: Պետք է գնդակահարեի՞ն, կախեի՞ն մասնակիցներին: Ո՞րն է այդ միջամտությունը,  եթե, ըստ կողմի, բռնությունը, ծեծը միջամտություններ չեն»:

Նշենք, որ այս դատական նիստին որպես վկա պետք է ներկայանային ոստիկաններ Վահրամ Վրթանեսյանը եւ Կարեն Մովսիսյանը, սակայն նրանք չէին ներկայացել: Մարթա Մելիքսեթյանը պատճառաբանեց, որ Արաբկիր համայնքում հիմա լարված իրավիճակ է, եւ այդ պատճառով ոստիկանները չեն կարող մասնակցել դատական նիստին: Ոստիկանության ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում շարունակում էր պնդել իր որոշումը, սակայն Արամազդ Կիվիրյանը առարկեց՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Ապացույց հանդիսացող, տարբեր լրատվամիջոցների կատարած տեսանյութերն ուսումնասիրելուց հետո՝ Մարթա Մելիքսեթյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում միայն Կարեն Մովսիսյանի վկայությունը:

Դատական նիստը հետաձգվեց, այս գործով հաջորդ նիստը տեղի է ունենալու սույն հոկտեմբերի 17-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930