Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլին, Երեւանում: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանն, որն այս օրերին Վարշավայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ խորհրդարանական վեհաժողովին:
Երեւանում կայանալիք նիստին կմասնակցեն շուրջ 40 եվրոպական երկրների խորհրդարանների Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարներ: Տիկին Եսայանը շատ կարեւորում է այդ պայմանավորվածությունը, քանզի, կարծում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին որքան շատ բարեկամներ, արտասահմանյան գործիչներ լինեն Հայաստանում, մենք առավել մեծ հնարավորություն կունենանք աշխարհին ներկայացնել Ցեղասպանության պատմությունը, ծանոթացնել ԼՂՀ կոնֆլիկտի ծագումանաբանությանն ու կարգավորման իրական գործընթացին:
ԵԽԽՎ ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ վեհաժողովի աշխատանքների մանրամասներին տիկին Եսայանը կանրադառնա արդեն Երեւանում, հոկտեմբերի 2-ին հրավիրվելիք մամուլի ասուլիսում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ