Գյումրու ավագանու այսօրվա նիստը առանձնացավ իր առատ դրամահատկացումներով: Ավագանին գումար տրամադրեց քաղաքի օրը մեծ շուքով նշելու, եզդիների ազգային միությանը օգնելու, գյումրեցի 1911 և 1914 թվականներին ծնված երկու տարեց տղամարդկանց 50 հազարականներ հատկացնելու համար:
Քաղաքի բյուջեից կատարված դրամահատկացումներից Գյումրու քաղաքապետը հատկապես առանձնացրեց հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Արսեն Ջուլֆալակյանին գումար հատկացնելու փաստը: «Տեսեք փող ենք դուրս տալիս, բայց մեծ ուրախությամբ »,-ասաց Սամվել Բալասանյանը:
Ավագանին միաձայն Արթուր Ալեքսանյանին ավտոմեքենա գնելու համար գումար հատկացրեց, իսկ Արսեն Ջուլֆալակյանին` Գյումրիում հողատարածք ձեռք բերելու գումար: Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետը պատճառաբանեց, որ Ջուլֆալակյանների հայրական տունը անմխիթար վիճակում է, «Կումայր»-ի արգելոց-թանգարանի մեջ է, այն վերանորոգել հնարավոր չէ: Ավագանու անդամներից մեկը նստած տեղից ասաց. «Թող մեկ-մեկ տելեվիզորով ասի, որ գյումրեցի է»:
Սամվել Բալասանյանը անմիջապես հակադարձեց ավագանու անդամին,ասելով, որ Արսեն Ջուլֆալակյանը հեռուստաեթերով ոչ միայն ասել է, որ ինքը գյումրեցի է, այլ պարծեցել է իր գյումրեցի լինելով: Քաղաքապետն ասաց, որ հողատարածք ձեռք բերելու համար գումար են հատկացնում , որպեսզի աշխարհի չեմպիոնը մի գեղեցիկ տուն կառուցի Գյումրիում, ինչպես որ խոստացել է իրեն: «Բերենք Արսեն Ջուլֆալակյանին Գյումրի»-, ասաց Գյումրու քաղաքապետը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութերում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ