Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:
2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում:
Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունը հասցնել ավարտին:
Երևան քաղաքի Սարալանջ փողոցում` դեպքի վայրում, կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 գնդակ:
Զննության է ենթարկվել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածք և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ.Հարությունյանի հայրը` Ա.Հարությունյանը, ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին