Այսօր գյումրեցի առևտրականների բողոքը լսելու համար բավական ուշացումով կենտրոնական շուկա ժամանեց Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Ավագյանը: Առևտրականները սկսեցին վրա տալ նրան, նախատել, նույնիսկ հարկայինի կողմից իրենց բաժանված տեղեկանքները, որոնցում գրված է, թե այսուհետ ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեն առևտրականները ըստ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի, պատռեցին ու լցրեցին պաշտոնյայի ոտքերի տակ:
«Մենք պետին ենք ուզում տեսնել, ոչ ձեզ»,- ասացին բողոքավորները: Երբ պետի տեղակալից առաջարկ ստացան խումբ կազմել, որպեսզի գնան հարկայինի պետի մոտ ու իրենց բողոքը հայտնեն, վերջիններս անչափ զայրացան: «Էդ ո՞վ դարձավ հարկային պետը, որ չի ուզում մեզ` մահկանացուներիս տեսնի»,-հարցնում էին նրանք:
Կարդացեք նաև
Պարոն Ավագյանը սկսեց արդարանալ, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած կառավարության նիստով պաշտպանվել է առևտրականների շահերը: Կառավարություն բառը չլսած` առևտրականները վրա տվեցին.մի կին բացականչեց. «Վայ, գետինը մտնի կառավարությունը»: Մի տղամարդ էլ հավելեց. «Դա կառավարության նիստ չէ, մայլի ժողով է, շարունակի»:
Հարկայինի պաշտոնյան ընթերցեց կառավարության նիստի արձանագրությունը, որը էլ ավելի բորբոքեց առևտրականներին:
«Կես միլիոն հայ ենք, չեք կարող պահե՞լ, ամոթ է, ամոթ է ,խոսելուց մեծ-մեծ եք խոսում, մեկն էլ դուք եք օրենք գրողը»,-հարկայինի պաշտոնյային շշպռեց բողոքավորներից մեկը:
Վերջիններս հարկայինի պետի տեղակալին երեսով տվեցին, որ ապրանք չծախած տեղն էլ ստիպված են հարկայինի ուզած գումարը մուծել: «Կյանքիդ մեջ մի մանեթ հարկ տված կա՞ս էս պետությանը»,- հարկայինի պետի տեղակալին հարցնում էին առևտրականները:
Վերջինս ճանապարհեցին` աղմուկ-աղաղակ բարձրացնելով, իսկ լրագրողներին փոխանցեցին, որ վաղը նորից են բողոքի ակցիա անցկացնելու: Ու կանցկացնեն այնքան ժամանակ, մինչև որ իրենց պահանջը լուծում գտնի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ