Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց Կիվիրյանից բռնագանձել 50 հազար դրամ

Սեպտեմբեր 30,2014 20:08

Լուսինե Սահակյանը կարծում է՝ իրավական առումով դատարանը խայտառակ վճիռ է կայացրել:

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վարչական դատարանում դատավոր Ռաֆիկ Խանդալյանը հրապարակեց «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով վճիռը: Այդ վճռով դատարանը բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Կիվիրյանի եւ որոշեց բռնագանձել նրանից 50 հազար դրամ: Իսկ Կիվիրյանի հակընդդեմ հայցը դատարանը մերժեց:

Հիշեցնենք՝ դատական գործը 2013 թվականի սեպտեմբերի 4-ին նախագահական նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիայի դեպքերի վերաբերյալ էր: Ակցիայի մասնակիցները՝ այդ թվում Արգիշտի Կիվիրյանն իրենց բողոքն էին հայտնում Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու մտադրության վերաբերյալ, որից հետո Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ իրավական առումով խայտառակ վճիռ է կայացրել դատարանը. «Իհարկե՛, մենք ակնկալիքներ չունեինք, որ նրանք օրինական դատական ակտ կկայացնեն, բայց մինչեւ վերջ փորձում ես հավատալ, որ վերջին հաշվով դատարանը կփորձի հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության դեմ չպիտի գործի, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ մենք, սպառելով ներպետական ատյանները, դիմելու ենք Եվրոպական դատարան: Կարծում եմ, որ շատ լավ հասկանում են, որ Եվրոպական դատարանում կկայացվի ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատական ակտ, եւ միեւնույնն է, դա նրանց չկանգնեցրեց, որ նրանք իրենց ապօրինությունները շարունակեն»:

Նրա խոսքերով՝ ըստ դատական ակտի՝ խաղաղ հավաքի եւ խոսքի ազատության իրավունքներին դատարանը չի էլ փորձել անդրադառնալ, մինչդեռ, ըստ նրա, հիմնական խնդիրը դա պետք է լիներ. «Վերջին հաշվով դա եղել է խաղաղ հավաք, եւ եղել է խաղաղ հավաքի միջամտություն, եւ դատարանը պետք է պատասխաներ այդ հարցերին, թե արդյո՞ք միջամտությունը եղել է օրինաչափ, իրավաչափ, համաչափ, թե՞ ոչ: Որովհետեւ այս հարցերին պատասխան չտալը նշանակում է, որ կա իրավունքի խախտում: Ակնհայտ է, որ դատարանը դա անել չէր կարող, որովհետեւ անելու պարագայում պետք է փաստել, որ իրականում եղել է խաղաղ հավաքի եւ խոսքի ազատության միջամտություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930