Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը՝ ՀՀԿ-ին. « Դե հիմա լսեք, այսօր խոսելու եմ մանր-մունր խանգարչիստներից»

Սեպտեմբեր 30,2014 19:04

«Դե հիմա լսեք: Այսօր խոսելու եմ մանր-մունր խանգարչիստներից: Այդպիսի տերմին եմ հնարել նրանց համար, ովքեր փորձում են խանգարել լուրջ գործունեություն ծավալող, լրջորեն երկրի ապագայով մտահոգված, լրջորեն ժողովրդական ալիք բարձրացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ժողովրդի անկեղծ կարծիքն արտահայտող զանգվածներին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա ասաց, որ Եռյակի հանրահավաքներից մեկի ժամանակ փորձել են, հոսանքազրկելով հնչյունային տեխնիկան, «կտրել ժողովրդի ձայնը». «Դրանից առաջ փորձեցին մի քանի խեղճ, պատվիրված, կամակատար մարդկանցով գերազանցել ժողովրդի ձայնը: Այսօր առավոտյան մամուլը բացում եմ, մի հոդվածով դատապարտված, հետո ազատված, կեղտոտ քրեական գործերի մեջ խրված անձնավորություն, հավանաբար իշխանությունների պատվերով փորձում է քարկոծել նրանց, ովքեր գնում են մարզեր, հանդիպում են մարդկանց հետ եւ խոսում են մարդուն հուզող պրոբլեմներից, ֆինանսական վիճակից, արտագաղթից, անարդարությունից, սովից, քաղցից, դարդից ու ցավից: Հիմա եզրակացությունները թողնում եմ ձեզ՝ ովքե՞ր պիտի քարկոծեն ժողովրդի շահերից խոսողներին»:

Նա ասաց, որ մարդկանց, հանրահավաքների գնացողներին ճնշում են, ոստիկանություն հրավիրում, սպառնում աշխատանքից ազատել . «Բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում համաժողովրդական ալիքին մասնակցելու համար կունենան որեւէ խնդիր, անմիջապես ահազանգեն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու Ժառանգության պատգամավորներին: Մենք բոլորս կանգնած ենք բացատրության համար ոստիկանություն հրավիրված, կամ աշխատանք կորցնելու սպառնալիքի տակ գտնվող յուրաքանչյուր մարդու թիկունքում: Սրանք նախնադարյան հասարակարգի քայլեր են: Այլեւս ժողովրդական ալիքը լինելու է թելադրող: Բարիկադների մի կողմում կանգնում է քաղաքացին՝ իր պրոբլեմով, մյուս կողմում՝ պատասխանատուն, որը չի ունենալու որեւէ այլընտրանք, քան քաղաքացու պահանջը բավարարելը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն արձագանքեց Տիգրան Ուրիխանյանին. «Իմ ելույթը ԵԽԽՎ-ին էր նվիրված, բայց, լսելով այստեղ շահարկումներ եւ սպառնալիքներ, ստիպված եմ սկսել ներքաղաքական խոսակցությունից: Ես կոչ եմ անում  իմ գործընկերներին բարիկադներից չխոսել: Ոչ մեկին թող չթվա, որ ՀՀԿ ֆրակցիան հետաքրքրված չի ցանկացած խնդրով, որը գոյություն ունի ՀՀ-ում: Անձամբ ես կիրակի օրը հանդիպել եմ տոնավաճառների աշխատակիցների հետ, լսել եմ մանրամասն նրանց բողոքները: Փոքր  բիզնեսի զարգացումը կառավարության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում: Կառավարությունը կտրուկ նվազեցրեց հարկերը՝ 3,5 անգամ: Դուք էլ, հարգելի գործընկերներ, այդ 95 կողմ քվեարկողների մեջ էիք, ովքեր ասացին՝ այո, դա ճիշտ է, պետք է  նվազեցնել հարկերը եւ ավելացնել փաստաթղթաշրջանառությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930