Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկոսով գումար էին տվել, հետո վտարել սեփական բնակարանից

Սեպտեմբեր 30,2014 18:43

2009 թ. ապրիլին,  Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքի բնակիչներից Գայանե Ղազարյանը, բրոկերների միջոցով ծանոթացել է Գագիկ Ավետիսյանի հետ, որից պարտքով` 1 տարի ժամկետով  վերցրել է 12.000 ԱՄՆ դոլար գումար` ամսեկան 5 տոկոս տոկոսադրույքով: Որպես գումարի վերադարձման երաշխիք` Գ. Ավետիսյանը պահանջել էր, որ Գ. Ղազարյանն իր սկեսուր Ասյա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող նշյալ բնակարանը, ձևական առուվաճառքի պայմանագրով, ժամանակավորապես ձևակերպի իր զոքանչի` Սվետլանա Պինչուկի անունով` պայմանով, որ ամբողջ գումարը և տոկոսները վերադարձնելուց հետո, այն նորից կվերաձևակերպվի Ա. Ավետիսյանի անունով:

Գ. Ղազարյանը` իր սկեսուր Ա. Ավետիսյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, բնակարանի առուծախի պայմանագիր է կնքել Ս. Պինչուկի հետ, ինչն էլ վավերացվել է նոտարական կարգով:

Նույն օրը Ս. Պինչուկը գրավոր պարտավորություն է գրում, որով պարտավորվում է մինչև 2009 թ. նոյեմբերը, Գ. Ղազարյանի կողմից 12.000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելուց հետո, նորից վերաձևակերպել նշված բնակարանը Ղազարյանի սկեսուրի  անունով:

Մոտ 6 ամիս շարունակ տոկոսավճարները ժամանակին պարտաճանաչ ստանալուց հետո,  Գ. Ավետիսյանը զանգել է Գայանե Ղազարյանին, պատճառաբանելով, որ իրեն շտապ գումար է պետք, պահանջում է ժամանակից շուտ վերադարձնել իրեն 1 տարի ժամկետով  տրված գումարը: Ա. Ավետիսյանն առաջարկել է նշված գումարը նույն պայմաններով և նույն տոկոսային հիմքով վերցնել ոմն Գագիկ Ոսկանյանից, որն էլ, իր հերթին, որպես գումարի վերադարձման երաշխիք, պահանջել է մինչ այդ Ս. Պինչուկի անունով ձևակերպված Նոր-Նորքի 2-րդ զանգվածի նշյալ բնակարանը, վերաձևակերպել իր կնոջ` Ալլա Սեկոյանի անունով` ինչին Ղազարյանը համաձայնվել է: Նշենք, որ Ղազարյանը համաձայնվում է այդ պայմանին, քանի որ նրա մոտ այդ ժամանակ գումար չկար:

18.12.09թ. Գ. Ոսկանյանը Գ. Ղազարյանին տոկոսով տալիս է 20.000 ԱՄՆ դոլար: Նշված գումարից Գ. Ղազարյանը 12.000 դոլարը և դրա տոկոսները վերադարձրել է Գ. Ավետիսյանին: Նույն օրը Ս. Պինչուկի և Ա. Սեկոյանի միջև նոտարական կարգով բնակարանի ձևական առուվաճառքի պայմանագիր է կնքվում, որով նշված բնակարանը ձևակերպվել է արդեն Ա. Սեկոյանի անունով:

Գ. Ղազարյանը 3 ամիս վճարելով Գ. Ոսկանյանին շուրջ 3600 ԱՄՆ դոլար՝ որպես տոկոսադրույք, այլևս չի կարողացել վճարել և խնդրել է մի քանի ամիս սպասել: Սակայն հետագայում իմացել է, որ Գ. Ոսկանյանը, իր կնոջ` Ա. Սեկոյանի անունից, որը տվյալ պահին ձևականորեն հանդիսանում էր որպես նշված բնակարանի սեփականատեր,  դիմել է դատարան` Գ. Ղազարյանին և նրա ընտանիքի անդամներին բնակարանից վտարելու պահանջով: ԴԱՀԿ ծառայության միջոցով Գ. Ղազարյանն իր ընտանիքի անդամների հետ միասին վտարվել է նշված բնակարանից և շուրջ 1 տարի վարձով բնակվել է այլ տեղ:

Գ.Ղազարյանը դիմում է  ներկայացրել իրավապահ մարմիններին` Գ. Ավետիսյանի և Գ. Ոսկանյանի կողմից վաշխառություն կատարելու և իր սկեսուրի բնակարանին ապօրինի տիրանալու վերաբերյալ:

Նրա դիմումի հիման վրա, 24.08.11թ-ին ՀՀ Ոստիկանության Նոր-Նորքի քննչական բաժնում, վաշխառություն կատարելու փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի քննության ընթացքում հիմնավորվում է, որ Գագիկ Ավետիսյանը իրոք Գ. Ղազարյանին պարտքով 12 հազար դոլար գումար է տրամադրել ամսեկան 5 տոկոս տոկոսադրույքով և մոտ 6 ամիս ստացել է տոկոսավճարները, այսինքն կատարել է վաշխառություն:

Սակայն Ոստիկանության ՔԿՀ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի տեղական Ա. Մակինյանի որոշմամբ Գ. Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.09 թ. որոշման ընդունման հիմքով:

Տեղականալով, որ Գ. Ավետիսյանի և Գ. Ոսկանյանի կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ Ոստիկանության քննչական Գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կալանք է դրվել նշված բնակարանի վրա, Գ. Ղազարյանը իր սկեսուր Ասյա Ավետիսյանի անունից քաղ. հայցով դիմել է դատարան, խնդրելով անվավեր ճանաչել իր և Ս. Պինչուկի, ինչպես նաև Ս. Պինչուկի և Ա. Սեկոյանի միջև կնքված Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի Մոլդավական փող. 30/2 շենքի նշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագրերը:

Երբ նյութակական ծանր վիճակից ելնելով՝ այլևս չի կարողացել բնակվարձ վճարել, վկաների ներկայությամբ իր մոտ եղած բանալիով բացել է նշված  բնակարանի դուռը և իր ընտանիքի հետ միասին բնակություն հաստատել այնտեղ՝ հայտարարելով, որ մինչև նշված բնակարանի վերաբելյալ վերջնական դատարան ակտի կայացումը, բնակվելու է այս բնակարանում:

ՀՀ Ոստիկանության Նոր-Նորքի քննչական բաժնում` Գ. Ղազարյանի կողմից ինքնաիրավչութուն կատարելու փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ:

Գ.Ղազարյանի պաշտպանությունը ստանձնում է հանրային պաշտպանի գրասենյակից` ճանաչված փաստաբան Էդիկ Աղաջանյանը:

Այս գործի անհավանական շրջադարձի մասին կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930