Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամիս շարունակ կցուցադրվեն հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները

Սեպտեմբեր 30,2014 18:00

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ արդեն հինգերոդ տարին իրականացվող «Կինոաշուն» ծրագիրը մեկ ամիս շարունակ (հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը) կինոսիրողներին կներկայացնի հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները:
Հինգերորդ «Կինոաշունը», որը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, կմեկնարկի Լոռու մարզից՝ Վանաձոր քաղաքից:

«Ազգային կինոտոնն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի միաժամանակ կմեկնարկի մարզերում և Երևանի համայնքներում բազմազան կինոծրագրերով: Ես շատ ուրախ եմ, որ հայկական կինոն արդեն կարողանում ենք տարածել Հայաստանի ողջ տարածքում, ինչը բավականին բարդ էր թեկուզ մի քանի տարի առաջ, և շատ ուրախ եմ, մեր կինոն գնալով ավելի սիրելի է դառնում մեր հասարակության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Այս ծրագիրը, իսկապես, լրացնելու է գալիս կինոցուցադրությունների այն մեծ բացը, որ մենք ունենք մարզերում,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը,- ես հուսով եմ, որ մշակույթի նախարարությունը կկարողանա ամեն տարի միջոցներ ձեռնարկել այդ բացն աստիճանաբար լրացնելու համար»:

Ա. Պողոսյանն այնուհետև տեղեկացրեց, որ 2014 թվականի «Կինոաշունը» հատուկ ծրագիր կներկայացնի հայկական բանակի ու արցախյան ազատամարտի թեմայով, որոնք ոչ միայն կներառվեն հիմնական ցուցադրություններում, այլև կներկայացվեն սահմանապահ գյուղերում ու երկրի համար հատուկ նշանակության այլ բնակավայրերում՝ Այգեպարում, Երասխում և այլուր:

Գ. Գևորգյանն էլ անդրադարձավ «Կինոաշնան» շրջանակներում կազմակերպվող մրցույթներին. «Արդեն երկրորդ անգամ կհայտարարվի «Հին և նոր երևանցի» թեմայով 7-10 րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթը, որն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Կհայտարարվի նաև «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը, որի համար հատուկ ընտրվել են վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը»,- նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Նրա փոխանցմամբ՝ այս անգամ ևս, ավանդույթի համաձայն, կնշվեն մեր անվանի կինոգործիչների՝ Առնոլդ Աղաբաբովի (85), Բագրատ Հովհաննիսյանի (85), Գենադի Մելքոնյանի (70), Արման Մանարյանի (85) հոբելյանները: Նախատեսվում են նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև «Մեր մեծերը» խորագրով կլոր սեղան-քննարկումներ՝ ուսանողների մասնակցությամբ:

«Կինոաշունը» կեզրափակվի նոյեմբերի 7-ին՝ Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում: Այդ օրն էլ կամփոփվեն գրախոսականների և ֆիլմերի մրցույթները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930