Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը. «Դատախազությունը կամ Վերահսկիչ պալատը չեն ներկայացրել բացահայտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ցանկը»

Սեպտեմբեր 30,2014 17:36

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի ներկայացրած ոլորտային հաշվետվություններում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում վեր են հանվում բազմաթիվ խնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումների հետ: Այդուհանդերձ, ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տվել, բացահայտումները մնում են հաշվետվության մակարդակում և ոչ ավելի:

Բացահայտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատի նախագահին ուղված մեր բոլոր հարցերը ունենում են մեկ պատասխան՝ դատախազությունը գործ է հարուցել: Սակայն վաղուց ակնհայտ է, որ այդ բացահայտումներն իրականում ծառայում են կառավարող վերնախավից թաքցրած ատկատների մասին տեղեկություններ հավաքելու և տարբեր տրամաչափի չինովնիկների նկատմամբ կոմպրոմատի փաթեթ կազմելու նպատակով:
Հարկ եմ համարում անդրադառնալ բնապահպանական խնդիրներին: Խոսքը հատկապես վերաբերում է հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք գտնվում են բարձրաստիճան պետական հովանավորչության ներքո: Ըստ ներկայացված ընթացիկ հաշվետվության, 2011 թվականին ստուգումներ են իրականացվել ծրագրով նախատեսված օբյեկտների մոտ 27%-ում, 2012 թվականին՝ 7.5 %-ում, իսկ 2013 թվականին՝ ընդամենը 2.5 %-ում: Այս նվազող միտումից կարելի է հետևություն անել, որ բնապահպանության նախարարությունը չի կարևորում երկրում առկա բնապահպանական խնդիրները:
Սա ուղղակի ապացույց է այն իրողության, որ բնապահպանության նախարարությունը ուղղակիորեն հրաժարվում է կատարել օրենքով իր վրա դրված պարտավորությունները և բացահայտել աղաղակող խախտումները:

Նույն կերպ, Պաշտպանի տարեկան զեկույցում նշված է, որ չնայած մի շարք բողոքների, բնապահպանության նախարարությունը չի իրականացրել անհրաժեշտ ստուգումներ՝ պարզելու համար, արդյո՞ք Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծն իրականացվում է տրված թույլտվություններին համապատասխան: Եվ սա այն դեպքում, երբ կան բազմաթիվ ապացույցներ, որ Թեղուտը շահագործող ընկերությունը գործում է նոր նախագծով, որի համար բնապահպանության նախարարությունից չի ստացել անհրաժեշտ թույլտվություն: Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս նախարարները համառորեն հրաժարվում են Թեղուտում ստուգումներ իրականացնել:

Վերջում նշեմ, որ ինչպես Վերահսկիչ պալատի, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվություններն ու զեկույցները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Հարկ եմ համարում նաև հիշեցնել, որ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները կրում են լիակատար քաղաքական պատասխանատվություն իրենց գերատեսչության աշխատանքի համար:

Ամփոփելով ելույթս՝ փաստում եմ, որ առ այսօր դատախազությունը կամ Վերահսկիչ պալատը չեն ներկայացրել բացահայտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ցանկը: Հանրությունն ակնկալում է այդ ցանկի հրապարակումը, այլապես այդ բացահայտումների նպատակի վերաբերյալ մեր հնչեցրած կարծիքը հաստատվում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930