ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 30-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա հարձակվողներին և վերացնել լրագրողների աշխատանքը Երևանում խոչընդոտելու անպատժելիության մթնոլորտը:
Իր հայտարարությունում Միյատովիչը անդրադարձել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Երևանում Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խլել է «Հայկական Ժամանակ» թերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը ձայնագրիչը:
«Ես մտահոգված եմ Հայաստանում լրագրողների վրա վերջերս տեղի ունեցող հարձակումների և անպատժելիության մթնոլորտը վերացնելու անարդյունավետ քայլերի համար», – գրել է Միյատովիչը ՀՀ արտաքին գործերի նախարարին հասցեագրված նամակում, – «Հուսով եմ, որ իրավապահ մարմինները պատշաճորեն կզբաղվեն Հովհաննիսյանի վրա հարձակման դեպքով»:
ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև հիասթափություն է հայտնել, որ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակվելու գործով:
Կարդացեք նաև
Նա նաև մտահոգություն է հայտնել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի դեմ բռնության և բերման ենթարկելու առիթով:
«Ես իշխանություններին հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին և համապատասխան գնահատականներ տալ այս հանցագործություններին: Անպատժելիության հետևանքով կարող են ավելանալ բռնությունների դեպքերը և կարող է բացասական ազդեցություն թողնել խոսքի և մամուլի ազատության վրա», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ