«Հարգելի տիկին Դինգիզյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացի եւ ժողովրդավարական զարգացման վրա, այնպես էլ օրինակ է հանդիսացել աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ մեր երկրի համար:
Հայաստանում բարձր են գնահատում Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում Ձեր ունեցած առանցքային դերակատարումը, ինչպես նաեւ Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման ողղությամբ ցուցաբերված աջակցությունը:
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը վճռական նշանակություն կունենա նաեւ հայ-շվեդական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, մասնավորապես միջխորհրդարանական փոխգործակցության ասպարեզում, ինչը հանդիսանում է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության անկեղծ ցանկությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ»: