Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Եկեք հանենք սա, մեր ժողովրդին սազական չի»

Սեպտեմբեր 30,2014 17:16

ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ այդ օրենքը մեր բանակի դեմ է. «Հակամարդկային դիրքորոշում է, երբ պետությունն իր զինվորին ուղարկում է իր քաղաքացու դեմ: Բանակը, զինվորը մշտապես ասոցացվել է արտաքին թշնամու հետ: Չի կարելի բանակն օգտագործել՝ ներքին խնդիրները լուծելու համար: Դուք մեր բանակին դնում եք շատ ծանր վիճակի մեջ: Այն վիհը, որ առաջացել էր մեր բանակի ու ժողովրդի միջեւ, 6 տարի տեւեց, կարծես թե բանակի նկատմամբ այդ անջրպետը վերացավ, հիմա բարոյապես բանակին աջակցելու ցանկություն կա: Բանակը քո երեխան է, պետք է պաշտպանվի, պետք է դառնա քո սրբությունների պաշտպանը: Բանակ ուղարկելը երեխային պարծանք է: Այս օրենքով լուրջ հոգեբանական վտանգ եք հասցնում բանակին: Զենքը, բանակը երբեք ներքին խնդիրների ժամանակ չպետք է օգտագործվի: Եկեք հանենք սա, մեր ժողովրդին սազական չի»:

Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Այո, բանակը անօրինականորեն չպետք է միջամտի ներքին գործերին: Մենք բոլորս նույն նավի անդամներն ենք, բանակն էլ է մեր սիրելի երեխաները, ներքին գործերի ծառայողներն էլ, չպետք է տարանջատում անենք: Մյուս խնդիրները պետք է լուծվեն ՍԴ-ում»:

Հովհաննես Սահակյանը ներկայացրեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի տեսակետը եւ ասաց, որ եթե որեւէ հարցի սահմանադրականության համապատասխանության հարցն է վիճարկվում, այն պետք է արվի Սահմանադրական դատարանում: Նա առաջարկեց ստորագրություններ հավաքել եւ դիմել Սահմանադրական դատարան, որը կտա պատասխանը՝ արդյոք այդ օրենքում հակասահմանադրականության որեւէ տարր կա՞, թե՞ ոչ:

Ըստ Հովհաննես Սահակյանի, երբ արտակարգ դրության ժամանակ զենք, զինամթերք է կիրառվում, բոլոր դեպքերում պետք է լինի իրավաչափ սկզբունքի հիման վրա:
Զարուհի Փոստանջյանը Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ Դո՞ւք ինչպես եք գնահատում Քոչարյանի՝ 2008-ի Մարտի մեկի հրամանագիրը՝ արտակարգ ռեժիմ մտցնելու մասին, որտեղ նշվում է, որ ՀՀ ՊՆ-ի ԶՈՒ-ն պետք է ներգրաված լինեն քաղաքացիների հիմնարար ազատությունների սահմանափակմանը, որը վերաբերում էր թե՛ հանրահավաքների անցկացմանը, թե՛ ԶԼՄ-ների հրապարակումներին եւ այլ հիմնարար իրավունքներին:
«Տիկին Փոստանջյան, եթե մենք գտնվեինք որեւէ մի մամուլի ակումբում, ես վստահաբար ձեր հարցին շատ կարճ ու կոնկրետ կպատասխանեի: Այդ հարցադրումը որեւիցե կապ չունի այս նախագծի հետ: Այս հարցադրումը քաղաքական շեշտադրումներով է՝ որոշակի նպատակ հետապնդելով: Քանի որ մենք քննարկում ենք այլ օրենսդրական նախաձեռնություն, կարծում եմ, ձեր հարցադրումը կարող ենք քննարկել առաջիկայում՝ որեւէ մի մամուլի ակումբում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930