Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի հայաստանցի դատավորի ընտրության ընթացքը մտահոգիչ է․ հայտարարություն

Սեպտեմբեր 30,2014 17:05

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը մտահոգություններ է հարուցում` կապված մրցութային հանձնաժողովի գործելաոճի հետ: Այս մասին ասված է մի խումբ հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից տարածած հայտարարության մեջ, որը տարածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
Սեպտեմբերի 11-ին «Իրավունքի Եվրոպա միավորումը» գրավոր դիմել էր Հանձնաժողովին` խնդրելով հնարավորություն ընձեռել դիտարկելու ընտրության գործընթացի բոլոր փուլերը: Մինչ օրս հասարակական կազմակերպության դիմումին պատասխան չի տրվել:

«Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանալու պահին, այն է` սեպտեմբերի 24-ին, ժամը 18:00-ից հետո, ըստ մամուլում առկա տեղեկությունների, դիմումատուների թիվը 11-ն էր, ընդ որում՝ նրանց անունները հետևողականորեն գաղտնի էին պահվում Հանձնաժողովի կողմից: Երեք օր անց հրապարակված լուրերում դիմումատուների թիվն արդեն 14-ն էր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ եղել են դիմումներ, որոնք ընդունվել են վերջնաժամկետի ավարտից հետո: ԻԵՄ-ն այդ երեք օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել է տեղեկություններ ստանալ դիմումատուների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ թեկնածուների փաստաթղթերի ընդունման գրանցամատյանին, սակայն այդպիսի հնարավորություն նրան չի ընձեռվել: Սեպտեմբերի 27-ին Արդարադատության նախարարությունը պաշտոնապես հրապարակել է թեկնածուների ցուցակը», ֊ նշում է հայտարարության հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 10:25-ին և 11:20-ին ԻԵՄ-ը հեռախոսազանգով փորձել է ճշտել Հանձնաժողովի նիստի անցկացման վայրն ու ժամը: Նրան տեղեկացրել են, որ նիստն արդեն սկսվել է, սակայն չեն նշել անցկացման վայրը: Իսկ ժամը 11:35-ին, ի պատասխան երրորդ հեռախոսազանգին, տեղեկացրել են որ նիստն ավարտվել է՝ կրկին չհայտնելով դրա անցկացման վայրը:

«Վերոնշյալ փաստերը և տեղեկատվության տրամադրման հետևողական և անդրդվելի մերժումները լուրջ կասկածներ են հարուցում ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության դատավորի ընտրության գործընթացի օրինավորության նկատմամբ:

Այս առնչությամբ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս և անհատներս, պահանջում ենք Հանձնաժողովին ապահովել արդար, թափանցիկ և պատշաճ գործընթաց… Պահանջում ենք հայցող կազմակերպություններին և ԶԼՄ-ներին թույլ տալ ծանոթանալ գրանցամատյանին և տրամադրել Հանձնաժողովի սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրությունը, ինչպես նաև հետագա աշխատանքային բոլոր փաստաթղթերը:

Հայաստանում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համատեքստում անչափ կարևորվում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության պատշաճ գործընթացը, և այն չի կարող անցնել աննկատ և գաղտնի հանրության համար: Դռնփակ և գաղտնի գործելաոճը վնասելու է և՛ Հանձնաժողովի անդամների վարկանիշին, և՛ բացասական հետևանքներ է ունենալու ընտրված թեկնածուների համար: Հետևաբար, կոչ ենք անում ձեռնպահ մնալ ժողովրդավարական կառավարմանն անհարիր գործելաոճից և իրականացնել արդար և թափանցիկ մրցույթ», ֊ ասված է հայտարարության մեջ:

Ստորագրել են․

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» ԻՀԿ

Ծովինար Նազարյան, ակտիվիտ, Խիզախ կին 2012

«Էկոլոգիական իրավունք», ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն», ՀԿ

Արա Զաքարյան, փաստաբան

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե», ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության», ՀԿ

Լարիսա Ալավերդյան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան

«Նոր սերունդ», մարդասիրական ՀԿ

Լուսինե Սահակյան, փաստաբան

Երվանդ Վարոսյան, փաստաբան

«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն», ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930