«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը բողոքի էր հանել Գյումրիի կենտրոնական շուկայի առևտրականներին: Վերջիններս փակել էին փողոցը` կանգնեցնելով երթևեկությունը ու պահանջելով ԱԺ պատգամավորներին, մարզպետ-քաղաքապետին, ինչպես նաև հարկայինի պետին: Սկզբում նրանց մոտեցավ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը Շիրակի մարզպետի խորհրդական Վազգեն Նիկալևիչի հետ: Նրանց համոզում էր բացել ճանապարհը`պատճառաբանելով, որ միգուցե այդ փողոցով շտապօգնության մեքենա անցնի: «Սիրելիս, մենք արդեն մի քանի մեքենայի ճամփա տվել ենք, դուք որոշեք, թե վերևներին մեր կողմից ինչ պիտի ասեք», -փոխմարզպետին ասաց բողոքավորներից մեկը:
Մյուսները տեղեկացրին, որ իրենց արդեն իսկ բաժանել են տեղեկանքներ, որտեղ նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում: Ըստ այդ տեղեկանքի, առևտրականը պետք է նշի ապրանքատեսակների անվանումներն ըստ տեսականու, մոդելների մակնիշի, չափերի կամ այլ հատկանիշների:
Տեղեկանքը պատռելով ու լցնելով պաշտոնյաների գլխին, հատկապես ուշացումով ներկայացած Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալի, առևտրականները սկսեցին ծաղր ու ծանակի ենթարկել օրենքը: «Ո՞վ է սա հորինել, չափը ո՞րն է, որ մեզանից պահանջում են գրել, ռազմե՞րն է տրուսիկի, ո՞վ է սա հորինել , այ անամոթություն: Մարդ գետինն է մտնում», -ասաց բողոքավոր կանանցից մեկը:
Մեկ այլ բողոքավոր էլ նեղսրտեց, թե օլիգարխների դե՞մ եք պայքարում, գնացեք Բավրա, աչքներովդ կտեսնեք, թե ինչպես են 6 հատ ապրանք բերում, բայց ընդամենը երկուսն են գրանցել տալիս:
Կարդացեք նաև
Տղամարդկանցից մեկն էլ ապրանքի մոդելը, մակնիշը, չափը գրելու պարտադրանքի հետ կապված` ծիծաղելով բացականչեց. «Բա ասենք թե կին առևտրականի մոտ տղամարդ եկավ փաստաթղթերը ստուգելու, պատկերացրեք ի՞նչ կլինի…»
Բողոքավորները օրենք գրողին առաջարկում էին` չարչու շորեր հագնել, գալ շուկա, ուսումնասիրություն կատարել, նոր այսպիսի «անհնարին» օրենք գրել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ