Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբեր 30,2014 16:41

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես կնպաստի հայ-հունական բարեկամության և քաղաքական երկխոսության առավել խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հարցում առանձնահատուկ դեր է վերապահում օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ այսօր հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն դրանց գործունեությունն ու պատվիրակությունների փոխայցելությունները ակտիվացնելու անհրաժեշտություն կա և ակնկալիք նույնպես, որ խորհրդարանական բարեկամության խմբերի միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ՝ շարունակելով արդեն իսկ ձևավորված ավանդույթը:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլև բազմակողմ և առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում՝ մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաև Եվրանեսթ-ում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ: Դա արվել էր առանց Հայաստանի պատվիրակության հետ խորհրդակցելու: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումները Եվրոպայի խորհրդի հարթակ տեղափոխելը վտանգավոր է և մեծապես կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների՝ Լեռնային Ղարաբաղի և կիպրոսյան հիմնախնդիրների շուրջ Հայաստանի և Հունաստանի դիրքորոշումները միմյանց չեն հակասում, ինչից ելնելով էլ հայկական կողմն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել կիպրոսյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում և համանման աջակցություն է ակնկալում հունական կողմից ԼՂ հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով ՝ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների ձևաչափում և հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում:

Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք վտանգում են արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: Նա փաստել է, որ հայ և հույն ժողովուրդները չեն կարող հանգիստ ապրել, երբ տառապում են իրենց հայրենակիցները, որոնք դարձել են ծայրահեղականների և նրանց սատարող որոշ պետությունների զոհ: Հունաստանը և Հայաստանը պետք է միասնական ջանքեր ձեռնարկեն Միջին Արևելքում ապրող քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձևաչափն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում, և միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին՝ Գալուստ Սահակյանը երախտագիտությամբ շեշտել է, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և շնորհակալություն է հայտնել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին կազմակերպվելիք միջոցառումներին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կլինի հույն ժողովրդի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն և հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա նշել է, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդները զորակցել ու սատարել են միմյանց՝ պայքարելով ընդհանուր թշնամիների դեմ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Հունաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում, իսկ տիկին Դորա Բակոյանիսը շեղվել է պետության պաշտոնական դիրքորոշումից, և այդ մոտեցումը կդատապարտվի հունական կառավարության կողմից: Հունաստանի նախագահը նշել է, որ ինչպես հայերը, այնպես էլ հույները ցանկանում են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, որը ոչ միշտ է հաջողվում:

Կարոլոս Պապուլիասը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նա օրինակելի է համարել երկու պետությունների ռազմական համագործակցությունը և նշել, որ շատ անելիք կա առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Հունաստանի նախագահի կարծիքով՝ իր այցը նունպես կնպաստի Հունաստանի և Հայաստանի բարեկամության և համագործակցության սերտացմանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930