Հայաստանը դարձել է «աբսուրդի թատրոն»։ Այսօր պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ պայքարը, այսպես պատասխանեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ըստ նրա՝ տարօրինակ է, որ օլիգարխը պայքարում է ստվերի դեմ, երբ կառավարության մեծ մասը եւ անգամ կառավարության ղեկավարի մտերիմները հենց աշխատում են ստվերում. «Երեք ամիս անցել է, եւ եթե ստվերի դեմ իրական պայքար է գնում, ինչո՞ւ ոչինչ չի փոխվել»։
Մեկնաբանելով Aravot.am-ի դիտարկումը, որ կառավարությունը նաեւ ցանկանում է փոքր եւ միջին բիզնեսի միջոցով դուրս հանել ստվերից մեծ բիզնեսը՝ փոխելով «Շրջանառության հարկի մասին» օրենքը, պրն Սարգսյանն ասաց. «Այ քեզ բան, ուզում ես իմ միջոցով խոշորին ստվերից դուրս բերես, գնա միանգամից խոշորին բեր։ Իրենք շատ լավ գիտեն խոշորի տեղը»։
Ըստ նրա՝ բոլոր պայքարները խաբեություններ են. «Մինչեւ այս քաղաքական համակարգը չփոխվի, ամեն ինչ իմիտացիա է լինելու, ինչպես նաեւ քաղաքական պայքարն է իմիտացիա լինելու»։
Պրն Սարգսյանը նաեւ չի պաշտպանում ընդդիմությանը. «Նրանք բոլորն էլ եղել են իշխանության մեջ, երեկ մի բան են ասում, այսօր ուրիշ բան»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև