Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ., սակայն, ինչպես «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը նշեցին «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ներկայացուցիչները՝ մինչ օրս բուհական համակարգերում որևէ հստակ քայլ չի ձեռնարկվել:
Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած բուհական խոչընդոտները հաղթահարելու նպատակով «ԷԽՈ» աջակցման կենտրոնը ձեռնամուխ է եղել իրականացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց» ծրագիրը, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու համար հավասար պայմանների ապահովմանը:
«ԷԽՈ» հ/կ նախագահ Սերյոժա Օհանջանյանի խոսքով` երբ երեխան ավարտում է դպրոցը, բուհում սովորելը նրա համար դառնում է հեռավոր ցանկություն՝ ոչ բավարար պայմանների պատճառով: «Մի քանի համալսարաններ կան, որոնց միայն առաջին հարկն է հարմարեցված հաշմանդամություն ունեցողների համար, սակայն այս պայմաններում կարող է սովորել միայն չնչին հաշմանդամության խնդիրներ ունեցող անձը, իսկ լուրջ խնդիրների դեպքում` բուհում սովորելը գրեթե անհնար է դառնում»,- ասաց Օհանջանյանը՝ կարևորելով հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձեւավորումը, այն իրողության գիտակցումը, որ համապատասխան պայմանների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կարող է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդին էլ նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում օգտվել կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից, քանի որ մեր հասարակությունում մատչելի միջավայր ասելով հասկանում են միայն թեքահարթակներ: «Օրինակ, Ճարտարագիտական համալսարանում կառուցվել է թեքահարթակ, որը բազմաթիվ անհարմարություններ է առաջացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,-ասաց Զաբրոդին՝տեղեկացնելով, որ «ԷԽՈ» աջակցման կենտրոնը այսօր համագործակցում է «Ազգային դաշինք»-ի հետ: Բանախոսը համոզված է, որ միասնական աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
Կարդացեք նաև
Նշենք, որ «ԷԽՈ» աջակցման կենտրոնը կատարած ուսումնասիրության արդյունքները կհրապարակի դեկտեմբերին:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»