Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ պետական պարտքի մասին. «Սա մսխելու եւ գողանալու լավագույն ձեւն է»

Սեպտեմբեր 30,2014 15:38

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողներին ներկայացրեց Հայաստանի պետական պարտքի վերաբերյալ իրենց կուսակցության դիտարկումները։ Ըստ նրա՝ այն վարկերը, որոնք ներկայիս եւ նախորդ կառավարությունները վերցրել են, չեն ծառայում իրենց իսկական նպատակին։

«Մեր պետական պարտքը կազմում է 5,5 միլիարդ դոլար։ Եվ պարտքերի այն ցուցակը, որը տեղ է գտել իրենց կայքում, բացարձակ տրամաբանություն չունի իր մեջ։ Չկա բացատրություն, թե հանուն ինչի է դա վերցվել եւ ինչ արդյունք է դա տալու։ Մեր կառավարությունների կողմից դա արվել է ամենատարօրինակ ձեւով, հենց իմացել են փող կա, ասել են՝ բերեք-բերեք»։

Պրն Սարգսյանը տեղեկացրեց, որ արտաքին պարտքի համար բացատրություններ ստանալու համար նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա սկսել է ստվերի դեմ պայքարը։
Նրա խոսքով մեր կառավարություններից ոչ մեկը չունի վարկերը օգտագործելու համար մշակված ռազմավարական ծրագիր։

Պրն Սարգսյանը ներկայացրեց իր կողմից առանձնացրած մի քանի վարկերի տեսակներ, որոնք, ըստ նրա, անհեթեթ են. «Օրինակ՝ «Կառուցվածքային բարեփոխումների» 205 միլիոն դոլարի 7 վարկ։ Ի՞նչ է նշանակում այս վարկը։ Այսինքն` մեր հայ չինովնիկներն արդեն այդքան ուղեղ չունեն, որ պետք է մարդ բերեն, որ իրենց խորհուրդ տա։ Խորհուրդի համար այդ գումարի մեկ երրորդը տարել են հենց գումար տվողները եւ մեզ վրա սա մնացել է որպես պետական պարտք։

50 միլիոն դոլար վերցրել են Վերականգնողական վարկի համար՝ ի՞նչ են վերականգնել։ Անշարժ գույքի գրանցման ծրագրի համար 6 միլիոն դոլար պարտք ունենք։ Առաջին դասարանցուն էլ, որ ասես՝ գնա գրանցի, թե ինչ-որ բան որտեղ է գրված՝ կանի, իսկ մենք 6 միլիոն վերցնում ենք։

Կամ բացատրեք՝ ինչ է նշանակում «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիր»։ Բացատրեք ինձ՝ ինչ կապ ունեն այս երկուսն իրար հետ ընդհանրապես, որի համար մոտ 10 միլիոն դոլար էլ այստեղ ենք վերցրել։ 74 միլիոն դոլար վերցրել են աղքատության կրճատման համար, իսկ աղքատությունն աճում է։
Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի համար վերցրել են 20 միլիոն եվրո, ի՞նչն էր պետք վերականգնել մետրոյում։

Կամ 50 միլիոն դոլար վերցրել են Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության համար։ Սա մսխելու եւ գողանալու լավագույն ձեւն է։ Ինչքան հնարավոր է խճճում են անունները եւ ոչ մի հաշվետվություն չեն ներկայացնում»։

Պրն Սարգսյանը ամենաուշագրավը համարեց հետեւյալ վարկի տեսակը. «Որոտանի կասկադի համար վերջին տարիներին հիդրոէլեկտրակայանների կասկադի վերականգման ծրագրի համար 51 միլիոն եվրո վերցրել են, որ հիմա վաճառեն։ Ո՞ւր գնաց այդ 51 միլիոնը»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930