Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի տեղակալն ու մարզպետարանի վարչության պետերից երկուսն արդեն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Սեպտեմբեր 30,2014 15:32

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` մարզպետարանի վարչության պետերից երկուսն արդեն աշխատանքից ազատման դիմում են գրել:

Բաժնի պետ Լուսինե Մարությանի փոխանցմամբ` աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը: Վերջինս երկար տարիներ այդ պաշտոնն է զբաղեցրել եւ աշխատել է Սուրիկ Խաչատրյանի հետ, իսկ Նաիրա Ավանեսյանը կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ է նշանակվել նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարման ժամանակ, իսկ մինչ այդ` Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին, Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն էր:

Աշխատանքից ազատվել է նաեւ Վահե Հակոբյանի ղեկավարման ժամանակ մարզպետի տեղակալ նշանակված Աշոտ Մարդյանը (լուսանկարում): Վերջինս մտերիմ էր Վահե Հակոբյանի հետ, եւ մեր ունեցած տեղեկություններով` նա աշխատանքից ազատվելու ցանկություն էր հայտնել դեռ այն ժամանակ, երբ Վահե Հակոբյանն ազատվել է մարզպետի պաշտոնից եւ այլ աշխատանքի տեղափոխել:

Հիշեցնենք, որ արմատներով գորիսեցի Աշոտ Մարդյանը տարիներ շարունակ աշխատել է նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ` որպես Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ: Օրերս, երբ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույն օրը հանդիպումից հետո Աշոտ Մարդյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ մտադիր է աշխատանքից ազատվել, վերջինս նշեց, որ այդ մասին տվյալ պահին չի ցանկանում խոսել եւ մեր հնչեցրած հարցին կպատասխանի ավելի ուշ: Բայց նրա հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց եւ մենք չկարողացանք ճշտել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, եւ այլեւս չի աշխատելու Սյունիքի նորանշանակ մարզպետի հետ:

Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանից նաեւ իմացանք, որ մարզպետի երկու օգնականները, որոնք այդ պաշտոնն են ստանձնել Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակ, այս պահին շարունակում են աշխատել եւ աշխատանքից ազատման դիմումներ չեն ներկայացրել:

Կփոխվե՞ն մարզպետի օգնականները, նոր օգնականնե՞ր կնշանակվեն, եւ ինչ նոր փոփոխություններ կլինեն մարզպետարանում, պարզ կլինի մոտ ապագայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դուք հասկանու՞մ եք, թե այս այսպես կոչված «մարզպետարանները» ինչ են անում կամ ինչի համար են: Ժողովրդի կողմից չընտրվա՛ծ մի խումբ անպրոֆեսիոնալներ աշխատավարձ են ստանում:

    ԲՈԼՈՐ քաղաքակիրթ ու նորմալ երկրներում կա տեղական ընտրո՛վի մարմին: Բայց Հայաստանում բացակա է ընտրովի «Մարզային Ժողովը»,որը պիտի հաստատեր/հսկեր/զսպեր նաև մարզպետին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930