Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է ԱԺ-ի կեսը կին լիներ, բայց` ծեծել է, ուրեմն կինն արժանի է մտածելակերպով» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2014 15:21

Ընտանեկան բռնությունների դեպքերն ավելացել են. այս տարվա հունվար ամսից մինչեւ սեպտեմբեր 1501 ընտանեկան բռնության դեպք է գրանցվել, իսկ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է 580 դեպք: Անցյալ տարի ընտանեկան բռնության հետեւանքով 7 կնոջ մահվան դեպք է գրանցվել, այս տարի` 9: Սրանք, ինչպես ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը, ոստիկանության գրանցած պաշտոնական թվերն են, ընդ որում, բռնության են ենթարկվել ոչ միայն կանայք:

Այսօր «Հենարան» ակումբում կոալիցիայի ներկայացուցիչները տեղեկացրին, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նոր նախագիծը պատրաստ է, եւ վաղվանից կոալիցիան մի շարք միջոցառումներ է անցկացնելու օրենքն ընդունելու հորդորով:

Aravot.am-ը հետաքրքրվեց`թե որ դրույթներն են նախագծում փոխել, քանի որ նախկինում կառավարությունը համարել էր հակասահմանադրական, քանի որ բռնարարին տնից հեռացնելու մասին դրույթը համարվեց սեփականության իրավունքի խախտում:

Կոալիցիայի ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանը վստահեցրեց, որ նոր նախագծից հանվել է հենց սեփականության իրավունքի խախտմանը վերաբերող դրույթը, բայց նաեւ կառավարությանը պետք է պարտավորեցնեն բռնության ենթարկվածների իրավունքները պաշտպանել` ապաստարաններ տրամադրել: Պերճուհի Կաժոյանն էլ նկատեց, որ երբ օրինակ կինն է բռնության ենթարկվում ու կյանքը փրկելու համար տանից փախչում է, հայտնվում դրսում, կառավարության անդամները չեն դիտարկում, որ այս դեպքում կնոջ սեփականության իրավունքը խախտվեց. «Սա հետեւանք է այն բանի, որ մենք պատրիարխալ հասարակարգում ենք ապրում»:

Օրենքի նախագիծը չէր ընդունվել, ըստ բանախոսների, որովհետեւ կառավարությունը պատճառաբանում էր, թե փող չկա ապաստարաններ բացելու, իրավապահ մարմիններին վերապատրաստելու եւ այլ գործընթացների համար:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ հնարավոր է օրենքի նախագիծը չի ընդունվել նաեւ այն պատճառով, որ կանանց թիվը քիչ է, այսպես ասած` «հարց լուծող» պաշտոններում, գուցե կանանց ներգրավվածությունը շատ լիներ, օրենքն էլ ընդունվեր, Պերճուհի Կաժոյանը նկատեց. «Սկզբունքորեն կարելի է այդպես դիտարկել, բայց քննարկման ժամանակ կային կանայք կառավարությունից, որոնք եւս հաստատեցին, որ օրենքը հակասահմանադրական է, քանի որ բռնարար տղամարդուն ժամանակավոր տանից պետք է հեռացնել: Մենք հիմա տեսնում ենք, որ այն կանայք, որոնք հիմա կան, որոնք կարող էին հետաքրքրություն ցուցաբերել, չեն անում: Կարող է Ազգային ժողովի կեսը կին լիներ, բայց նույն մտածելակերպով` դե, մեզ պետք չէ այդ օրենքը, ծեծում է, ուրեմն` արժանի է»:


Թեեւ իրավապահ համակարգի աշխատակիցների աշխատաոճը ընտանեկան բռնության դեպքերի հետ, փոխվել է, ըստ ասուլիսի մասնակից Արման Ղարիբյանի, սակայն, դեռ շատ կան այնպիսի ոստիկաններ, որոնք կարծրատիպեր ունեն. «Կամ հոգու խորքում բռնարար են, ու երբ զոհը դիմում է իրենց, իրենք անմիջապես հարցնում են` երեւի մեղավոր ես, մի բան արել ես, որ ծեծել է»:

Բանախոսների ներկայացմամբ` ընտանեկան բռնության ենթարկվածների մեծ մասը կանայք են եւ հիմնականում ֆիզիկական բռնության են ենթարկվում, կանանց աջակցման կենտրոն ընդամենը 2 տղամարդ է դիմել:

Չնայած, ըստ կոալիցիայի անդամների, բռնություն է համարվում նաեւ կամքին հակառակ, ստիպողաբար սեռական գործողությունը, սակայն այս դեպքում շատերը հակված են սա դիտարկել՝ դե, ամուսնական պարտականություն է, իր կինն է, արել է:

Վաղը կոալիցիան ընտանեկան բռնության զոհերի նկարներով Երեւանի տարբեր համայնքներում է շրջելու, հոկտեմբերի 2-ին կառավարության շենքի մոտ է ակցիա անելու, եւ հանձնելու է պահանջ-նամակը` գործադիր իշխանությանը հորդորելով ԱԺ-ին ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930