Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը հետաձգեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցի զեկուցողների նշանակման հարցը: Այն հանձնաժողովը կքննարկի վաղը:
Հիշեցնենք, որ երեկ` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 «կողմ» եւ 74 «դեմ» ձայնով։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայկական պատվիրակության անդամներն այսօր ևս ընդդիմացել են այդ զեկույցի նախապատրաստման հարցով ու շարունակեց. «Զեկույց նախապատրաստելու առաջարկը ներկայացրել են ադրբեջանցի պատվիրակ Հուսեյնովն ու Ադրբեջանի մոլի լոբբիստ, Ալիևի ընտանիքի մերձավորագույն բարեկամուհի Դորա Բակոյանիսը»:
Մեր հարցին` ԵԽԽՎ-ի նման վերաբերմունքը հայկական պատվիրակության միջնորդությանն արդյոք կապվա՞ծ է ՀՀ-ի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ, տիկին Զոհրաբյանը բացառեց այդ հանգամանքն ու պարզաբանեց. «ԵԽԽՎ-ն վերածվել է միլի մեջլիսի դուստր ձեռնարկության: Այս կառույցում եվրոպական հիմնարար արժեքներին եկել են փոխարինելու դոլարի, նավթի հիմնարար արժեքները: Սա է իրականությունը, և չեմ բացառում, որ կարող է գալ մի պահ, որ անհրաժեշտ լինի, որ ՀՀ-ն քննարկի իր և այս կառույցի հետագա հարաբերությունները:
Կարդացեք նաև
Կրկնում եմ, արդեն մենք ունենք հստակ տեղեկություններ, որ եվրոպացի պատգամավորներից 128-ը ամեն ամիս պարտաճանաչ կերպով աշխատավարձ է ստանում Ադրբեջանի իշխանություններից: Իսկ ԵԽԽՎ պատվիրակների ընդհանուր թիվը մոտ 600-ն է, նրանց կեսն են ձայնի իրավունք ունեցողները, ուստի 128-ը ցանկացած քվեարկությունում որոշիչ ազդեցություն ունենալու համար բավականաչափ մեծ թիվ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ