Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են Բախտամյանի հաղորդումը ցուցադրում գիշերը ժամը 1-ին. Շարմազանովը բողոքում է Ջաղինյանին

Սեպտեմբեր 30,2014 14:03

«2013-ը Հանրային հեռուստատեսության համար առանձնացավ հաղորդացանցի փոփոխությամբ, ավելացան գիտական, կրթական, մանկապատանեկան ծրագրերը: 2013-ին կարողացանք իրականացնել մեր մտադրությունը փոփոխել բազմասերիանոց հեռուստասերիալների քաղաքականությունը եւ դրա փոխարեն ներկայացրեցինք 16 մասանոց հեռուստաֆիլմեր՝ «Հատուկ բաժին», «Շտապօգնություն» եւ այլն: 2013-ը բեկումնային էր Հանրայինի համար, քանի որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ սկսվեց հեռուստաընկերության նոր թվային տեխնիկայի ձեռքբերման գործընթացը, նաեւ հիմնանորոգվեցին վթարային շենքեր, շինություններ, կառուցվեցին նոր տաղավարներ»,- ԱԺ-ում այսպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության 2013-ի հաշվետվությունը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազաովը համաձայնեց, որ որակը Հ1-ի փոխվել է եւ հարց ուղղեց Ռուբեն Ջաղինյանին. «Լրատվականը բավականին դինամիկ զարգանում է, նաեւ հանրության կարծիքով, պակաս կար մշակութային հաղորդումների, դաստիարակչական հաղորդումների: Ես ինքս, որպես հեռուստադիտող, այսօր գոհ եմ, որ կա «Հայադարան» հաղորդումը, «Հայ ասպետը»: Որ ժամանակ ենք ունենում, նստում լսում ենք ու սովորում: «Հայոց հարցն» է շատ լավ հաղորդում: Բայց մի խնդիր կա, այդ հաղորդումները հնարավոր չի՞ ավելի լավ ժամերի տաք: Գիշերը ժամը 1-ին Բախտամյանի հաղորդումն էի նայում, փայլուն հաղորդում է: Այդ գիշերվա ժամին քանի՞ մարդ կնայի: Ես կուզենայի, որ իմ երեխաներն էլ նայեն այդ հաղորդումները, բայց երեխաներիցս մեկը 12 տարեկան է, մյուսը՝ 6: Մեծ ցանկության դեպքում գիշերը ժամը 1-ին չեն կարող արթուն լինել: Ես խնդրում եմ, որ այդ որակյալ հաղորդումները տաք փրայմ-թայմին»:

Շարմազանովն առաջարկեց նաեւ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Հայլուրից» 5-10 րոպե առաջ կամ անմիջապես հետո գովազդների ժամին 1-2 րոպեանոց սյուժե ցուցադրել Մոնթե Մելքոնյանի մասին, Նիկոլ Դումանի մասին, Նժդեհի մասին,Գեւորգ Չաուշի մասին. «Երեխան լսելով է սովորում, առաջարկում եմ այդպես անել, եթե ընդունեք, սիրով կհամագործակցենք»:

Ռուբեն Ջաղինյանն էլ պատասխանեց, որ պատրաստում են այդպիսի շարք: Ինչ վերաբերում է «փրայմ-թայմին» հաղորդումների ցուցադրությանը, նա ասաց, որ փրայմ- թայմը ժամը 7-ից մինչեւ 11.30-նն ընկած ժամանակահատվածն է, այդ 4.5 ժամվա ընթացքում հնարավոր չէ ավելի շատ բան տեղադրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930