Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում չկիրառել ազատազրկում Շահեն Հարությունյանի նկատմամբ

Սեպտեմբեր 30,2014 13:46

2014թ. սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին մասնակցել է հոր՝ Շանթ Հարությունյանի և նրա մի խումբ համախոհների կողմից կազմակերպված երթին, որի ընթացքում ոստիկանների և երթի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում փորձել է պաշտպանել հորը՝ ըստ հրապարակված տեսանյութերի: 2014թ. ապրիլի 2-ին Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խուլիգանություն կատարելու համար՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Երեխաների պաշտպանության ցանցը, որը միավորում է երեխաների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 20 կազմակերպությունների, գտնում է, որ գործի քննության ընթացքում ի սկզբանե հաշվի չեն առնվել Շահեն Հարությունյանի տարիքային առանձնահատկությունները (արարքը կատարելիս` նա եղել է 14 տարեկան) և դեպքի հանգամանքները: Ցանցի անդամ կազմակերպությունները խիստ դատապարտում են մեղադրող կողմի ոչ երեխայակենտրոն մոտեցումը, քանի որ վերջինս ընտրել է միջազգային իրավունքով չխրախուսվող միջոց՝ երկարաժամկետ ազատազրկում՝ առանց հաշվի առնելու երեխայի կարիքները և առանձնահատկությունները: Նմանատիպ դեպքերում Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան (37-րդ հոդված), որի կողմ պետություն է նաև ՀՀ-ն, հստակ սահմանում է, որ ազատազրկումը գործադրվում է միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցով: Մասնակից պետությունները ճանաչում են մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխայի իրավունքը՝ արժանանալու այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմանը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ուրիշների հիմնարար ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշվի է առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերաինտեգրման և հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիությունը: Անհրաժեշտ է այնպիսի բազմազան միջոցառումների առկայությունը, ինչպիսիք են խնամքի, խնամակալության և հսկողության մասին հրամանները, խորհրդատվական ծառայությունները, փորձաշրջանի նշանակումը, դաստիարակությունը, կրթական և մասնագիտական պատրաստության ծրագրերը և առանձին հաստատություններում խնամքի այլընտրանքային այլ ձևեր, որոնք ապահովում են երեխայի նկատմամբ նրա բարեկեցությանը, ինչպես նաև՝ դրությանն ու հանցագործության բնույթին համապատասխանող վերաբերմունք: (40-րդ հոդված)
Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում դատարանին առաջնորդվել անչափահասների արդարադատության համընդունված սկզբունքներով ու պահանջներով և Շահեն Հարությունյանի նկատմամբ չկիրառել ազատազրկում:
Երեխաների պաշտպանության ցանցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930