Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում արծարծեց «Եվրոպայի թիվ մեկ ռասիստներին պատասխանատվության ենթարկելու հարցը»

Սեպտեմբեր 30,2014 13:21

Ստրասբուրգում այսօր շարունակվել է ԵԽԽՎ նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել են Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը կանխելու ռազմավարություն մշակելու հարցերը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է Ադրբեջանում հայատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության մասին։ Հայ պատգամավորը կոչ է արել միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հակահայության համար:

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է.

«Այն, ինչ կատարվում է այսօր Եվրոպայում՝ ռասիզմի, անհանդուրժողականության եւ ատելության այս հաղթարշավը, ուղղակի զարհուրելի է։ Եվ մեր գործընկերները շատ ճիշտ թիրախ են ընտրել՝ առաջարկելով մշակել հստակ ռազմավարություն՝ կանխելու ռասիզմն ու անհանդուրժողականությունը։ Միանշանակ համաձայն եմ զեկուցողների հետ, որ Եվրոպայում այլեւս խիստ հրատապ է դարձել ռասիզմի, ատելության եւ անհանդուրժողականության դեմ ոչ թե աստիճանական, այլ համալիր ռազմավարական լուծումներ գտնելը։

Սակայն, հարգարժան գործընկերներ, մեզ չի հաջողվի կանխել ռասիզմի այս հաղթարշավը, եթե կոնկրետ եւ իրական քայլեր չձեռնարկենք ՝ պատասխանատվության ենթարկելու այն անձանց ու առաջին հերթին պաշտոնյաներին, ովքեր հենց իրենք են ռասիզմի եւ անհանդուրժողականության թիվ մեկ քարոզիչները։

Ընդամենը շաբաթներ առաջ, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի նախագահը, իր դեսպանների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց. մեջբերում եմ՝ «Ադրբեջանի նպատակը Հայաստանին պատանդ պահելն ու արնաքամ անելն է»:

Իսկ օգոստոսի 6-ի իր ելույթում, որը, ի դեպ, տեղադրված է Ալիեւի պաշտոնական կայքում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ «Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ քայլերից, ապա հայկական պետության գոյությունը հարցականի տակ կհայտնվի»:

Սրանք ընդամենը պատառիկներ են Ալիեւի եւ նրա կլանի հակահայ, ռասիստական ելույթներից ու կոչերից, որ հնչում են ամեն օր։ Հիմա, հարգելի խորհրդարան, ի՞նչ է սա, եթե ոչ ԵԽ անդամ երկրի ղեկավարի կողմից ռասիզմի, ատելության պետականորեն ողջունվող քարոզ եւ հային գենետիկորեն թշնամի հռչակելու ազգային ծրագիր։

Բերեմ եւս մեկ օրինակ։ Հունգարիայի իշխանությունների հետ հանցավոր համաձայնության արդյունքում Ադրբեջանին արտահանձնվեց հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը։ Ու եւս մեկ մեջբերում Ադրբեջանի նախագահից՝ «Ինձ չի հետաքրքրում, թե ո՞վ ինչ է ասում Սաֆարովին Բաքու վերադարձնելու հետ կապված։ Ես վերադարձրեցի ադրբեջանցի սպային եւ լավ արեցի»: Ահա այսպես, հարգելի գործընկերներ։

Իսկ այս օգոստոսի 8-ին Ադրբեջանում դաժանորեն սպանվում է սահմանին մոլորված եւ գերի ընկած հայ երիտասարդ Կարեն Պետրոսյանը։ Ընդ որում՝ Կարենին նվաստացնելու ողջ տեսարանը ցուցադրվում է այդ երկրի թիվ մեկ լրատվամիջոցներով։ Իսկ հայ քաղաքացուն նվաստացումների ենթարկողներից մեկը ադրբեջանցի գեներալ Աքպերովն էր, ով ՄԻԵԴ-ում անցնում էր իր հայրենակցին սպանելու գործով։

Ուստի, հարգելի զեկուցողներ, հարգարժան խորհրդարան, մենք իրապես շատ ակտուալ խնդիր ենք այսօր քննարկում։ Սակայն, այստեղ հնչած ցանկացած հայտարարություն գրոշի արժեք չի ունենա՝ եթե մենք չբարձրացնենք Եվրոպայի թիվ մեկ ռասիստներին պատասխանատվության ենթարկելու հարցը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930