«Երևան՝ իմ տուն» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշանավորվում է նաև սոցիալական բաղադրիչով։ Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ երևանցի 2796 ընտանիք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ, միկրոալիքային վառարաններ, պլանշետներ, լուսանկարչական ապարատներ, արդուկներ, թեյնիկներ։
Ծրագրում ընդգրկված են սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, թիկունքի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հաշմանդամություն ունեցող անձ ներառող ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա խնամող ընտանիքներ, Ցեղասպանությունը վերապրածներ, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներ։ Ծրագրում ներառված սոցիալական խմբերի սակավ ապահովված ընտանիքներն ընդգրկվել են ըստ անապահովության գնահատման համակարգում հաշվառման բալերի։ Մեկ ամիս շարունակ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ՝ վարչական շրջանների սոցիալական ապահովության բաժինների, տարածքային սոցծառայությունների աշխատակիցները, այցելելով հաշվառված ընտանիքներ, գնահատել են տվյալ ընտանիքի կարիքը, որպեսզի անակնկալ նվերը նաև սպասված ու պիտանի լինի տվյալ ընտանիքին:
Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բարձված ու «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների հետ միասին շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ: Ի դեպ, ծրագրում ընդգրկված են և տարեցների օրվա՝ հոկտեմբերի 1-ի կապակցությամբ արդեն ավանդույթ դարձած նվերներից բացի նվերներ կստանան նաև 100-ից բարձր տարիք ունեցող երևանաբնակ 22 քաղաքացիներ: Նվերները քաղաքացիներին են բաժանվելու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը։
Երևանի քաղաքապետարան