Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ապրանքների ցանկը, որոնց ներկրման ժամանակ, ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, Հայաստանը կստանա որոշակի արտոնյալ ժամկետ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 30,2014 12:29

Անցած շաբաթվա վերջին արտգործնախարարությունը հրապարակեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը։ Փաստաթղթում ներառված է նաեւ այն ապրանքների ցանկը, որոնց ներկրման ժամանակ, ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, Հայաստանը կստանա որոշակի արտոնյալ ժամկետ։

… Հրապարակված փաստաթղթի համաձայն, գրեթե 800 ապրանքի ներմուծման մաքսատուրքերի գծով, որոնք ավելի բարձր են ԵՏՄ-ում, Հայաստանը կստանա արտոնյալ ժամկետ։ Ապրանքների հիմնական մասի դեպքում կլինի 4-5 տարի։ Կան նաեւ որոշ բացառություններ։

Խոսքը մասնավորապես վերաբերում է վերամշակման նպատակով ներմուծվող շաքարի հումքին, որի համար Հայաստանին տրվել է 10 տարվա՝ 2015-2025թթ., արտոնյալ ժամկետ։ Այդ ընթացքում շաքարի հումքի ներմուծման համար մաքսատուրք չի գանձվելու։ Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական տարածքին միանալուց հետո աննպատակահարմար է լինելու պատրաստի շաքարավազը միության տարածքից դուրս գտնվող այլ երկրներից ներկրելը։ Ավելին՝ շահավետ է դառնալու ներմուծվող հումքի վրա դրա ներքին արտադրության կազմակերպումը։

Հայաստանը 10 տարվա արտոնյալ ժամկետ կստանա նաեւ ռազմատեխնիկայի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար։

Դատելով հրապարակված փաստաթղթից՝ շաքարավազից, ռազմական տեխնիկայից եւ քաղաքացիական ինքնաթիռներից դուրս Հայաստանն արտոնյալ ներմուծման ժամկետ է ստացել շուրջ 770 ապրանքատեսակների համար։ Դրանց մեջ մտնում են ինչպես սննդային, այնպես էլ այլ ապրանքներ։

Օրինակ, տավարի եւ խոզի մսի ներմուծման ժամանակ մաքսատուրքերը նույնությամբ կգործեն մինչեւ 2018թ.։ Այնուհետեւ կսկսեն աստիճանաբար բարձրանալ եւ 2021թ. կհասնեն 25 տոկոսի։ 2022 թվականից մաքսատուրքն ամբողջությամբ կհամապատասխանեցվի ԵՏՄ-ում գործող չափանիշներին։ Հավի մսի դեպքում մաքսատուրքի փոփոխությունն ավելի շուտ կլինի՝ սկսած 2017 թ., երբ գործող 10-ից այն կդառնա 14 տոկոս։ Աճը կարտահայտվի նաեւ հետագա տարիներին՝ 2021թ. հասնելով 50 տոկոսի։

Բրնձի ներմուծման ժամանակ զրոյական մաքսատուրք կգործի մինչեւ 2018թ., որից հետո այն աստիճանաբար կբարձրանա՝ 2021թ. հասնելով 8 տոկոսի։ Դրանից հետո կգործի ԵՏՄ մաքսատուրքի չափը։

Հայաստանը արտոնյալ ժամկետ է ստացել դեղերի, շինանյութի տարբեր տեսակների, լայն սպառման կենցաղային ապրանքների, գյուղմթերքների համար։ Ի դեպ, որոշ դեպքերում արտոնյալ ժամկետի ավարտից հետո մաքսատուրքերը նաեւ նվազում են։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին գյուղմթերքներին։ Իհարկե, այդ մթերքների զգալի մասը Հայաստանը ոչ այնքան ներմուծում է, որքան արտադրում։ Ասենք, խաղող, դեղձ, ծիրան, ձմերուկ եւ այլն։

Ցանկում տեղ են գտել նաեւ ավտոմեքենաները, որոնց ներմուծման համար Հայաստանը ստացել է 5 տարվա արտոնյալ ժամկետ։ Դրանից անմիջապես հետո անցում կկատարվի ԵՏՄ-ում գործող չափանիշներին, որոնք անհամեմատ բարձր են, քան այսօր կիրառվում են Հայաստանում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930